Facebook-ի ֆրանսիացի օգտատերերից մեկը գանգատվել է, որ սոցիալական ցանցն ընթերցանության համար իրեն խորհուրդ է տվել Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» (Mein Kampf) գիրքը: Այս մասին հայտնում է France Info-ն:
Օգտատերն իր էջում հայտնել է, որ խորհուրդը սոցցանցից ստացել է այն բանից հետո, երբ նշել է, որ կարդացել է բրիտանացի գրող Ֆիլիպ Քերի դետեկտիվը: Օգտատիրոջը զարմացրել է այն, որ Հիտլերի գիրքը սոցցանցի կողմից գովազդվել է այնպես, ինչպես ցանկացած այլ գիրք:
Գիրքը Facebook-ում էջ ունի, որին բաժանորդագրված է ավելի քան 29 հազար մարդ: Սոցցանցն այս առնչությամբ մեկնաբանություններ չի արել:
Ինքնակենսագրական գիրքը Հիտլերը գրել է Լանդսբերգյան բանտում ազատազրկված լինելու ժամանակ: Գիրքը լույս է ընծայվել երկու հատորով՝ 1925-26 թթ.: Դրանում Հիտլերը շարադրել է նացիոնալ-սոցիալիզմի հիմնական գաղափարները, որոնք իրականացրել է 30-ականներին իշխանության գալուց հետո: Ներկայում գրքի հեղինակային իրավունքները պատկանում են Բավարիայի կառավարությանը, սակայն 2016 թվականին գիրքը կանցնի հանրային տիրույթ:
Մի շարք երկրներում, մասնավորապես Գերմանիայում ու Ռուսաստանում գրքի տարածումն արգելված է որպես նացիոնալ-սոցիալիզմի գաղափարները պրոպագանդող: Ֆրանսիայում գիրքն ազատ տարածվում է, սակայն հրապարակման դեպքում հրատարակիչը պարտավոր է առաջին էջին պատմել նացիզմի սարսափների մասին:








































