Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարվածի կապակցությամբ հարուցված քրեական գործով արդեն իսկ որոշակի նորություններ կան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ այս գործով շարունակվում է դեպքից հինգ օր անց սկսված ապատեղեկատվության երկրորդ խոշոր ալիքը և դարձյալ՝ զինդատախազության կողմից:
«Ապատեղեկատվության առաջին խոշոր ալիքը սկսվեց դեպքից հինգ օր անց՝ զինդատախազության կողմից, Սյունիքի մարզպետարանից, անհայտ անձանցից, ովքեր համացանցում տեղադրել էին կեղծված ժապավեն: Դա հնարավոր եղավ կասեցնել, հասարակությունը կարողացավ ճիշտ տեղեկություն ստանալ: Այժմ սկսվել է երկրորդ խոշոր ալիքը. թողած գործի էությունը, նախկին մարզպետի, նրա ընտանիքի անդամների, նրա թիկնապահի կամ մերձավորի կողմից սադրանքները, ապա նաև սպանությունը՝ զինդատախազությունը և քննչական մարմինն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել են երկրորդական հարցերի վրա»,- ասաց նա:
Ալումյանի խոսքով՝ իրականությունը ներկայացվում է գլխիվայր շրջված, Արտակ Բուդաղյանին ներկայացնում են որպես ագրեսոր, հարձակվող, իսկ վերջին շրջանում ասվում է, թե իբր Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ, առերեսումների մասնակցել: Ըստ փաստաբանի՝ ամեն ինչ արվում է տուժած կողմին պահանջատիրոջ կարգավիճակից պաշտպանվողի դաշտ տեղափոխելու և հասարակությանը իրական հանցագործների հետ հավասար դիրքերում ներկայացնելու համար, քայլեր են ձեռնարկվում մեղադրանքը ծանրացնելու, նրան ավելի վատ լույսի ներքո ներկայացնելու համար: Այս ուղղությամբ զինդատախազության կողմից ամեն ինչ արվում է:
Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, այսօր բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին, քանի որ դա նրա միակ հույսն է: Նա կարծում է, որ այդ կերպ քննությունը օբյեկտիվ կընթանա, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Էմիլ Բուդաղյանը զարմանք է հայտնում՝ ինչո՞ւ մինչև այժմ Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք չեն ներկայացրել, քանի որ գոնե երկու մեղադրանք կա, որոնք հենց հիմա պիտի ներկայացվեին նրա դեմ, քրեական գործողությունները նրա արարքներում ակնհայտ են:
Տիգրան Խաչատրյանը կրակել է Սուրիկ Խաչատրյանի անվամբ գրանցված զենքից՝ սա արդեն քրեորեն պատժելի արարք է, բացի այդ, կրակել է մեկ ինքնաշեն զենքով, ինչի համար ևս դեռ մեղադրանք չի առաջադրվել: Փաստաբանի փոխանցմամբ՝ տեղեկություններ են շրջանառվում, թե իբր դեպքի ժամանակ Արտակ Բուդաղյանը հարբած է եղել, անգամ արյան մեջ ալկոհոլի պարունակության մասին են նշում: Իրականում հայտնաբերվել է մեկ պրոմիլ, արյունը Բուդաղյանից վերցվել է դեպքից վեց օր անց, երբ նա եղել է դեղերի ազդեցության տակ, իսկ դեղերի մեծ մասը սպիրտային էին:
Ալումյանը նշեց, որ հուրախություն իրենց՝ կարողացել են հայտնաբերել հունիսմեկյան դեպքերն արձանագրած տեսանյութի չմոնտաժված տարբերակը: «Մեր հույսերը, որ գոնե քննիչի մոտ գտնվող օրինակը կեղծված չէ, արդարացան, հակառակ դեպքում ավելի մեծ խնդիրներ կունենայինք: Հետաքրքիր է, որ կեղծ տեսանյութում առաջին երեք կրակոցները հնչում են այն ժամանակ, երբ, ըստ էության, միջադեպն արդեն ավարտված է, Բուդաղյան եղբայրներն արդեն բավական մեծ հեռավորության վրա են, համեմատաբար հանգիստ էր, չկային գործողություններ: Արտակ Բուդաղյանի մոտ եղել է չլիցքավորված որսորդական հրացան, իրականում նրա զենքը չի կրակել և չէր էլ կարող կրակել»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ ապատեղեկատվությունը հիմնված է պրիմիտիվ մանրամասների վրա, սակայն հոգեբանորեն ազդեցիկ և պրոֆեսիոնալ կերպով է կեղծվել տեսանյութը: Առայժմ անպատասխան են մնում հարցերը՝ ո՞վ է կեղծել, ո՞ւմ պատվերով, ո՞վ է տրամադրել այդ տեսանյութը՝ կեղծելու համար: Սրանք, սակայն, ոչ թե փորձաքննության խնդիրն են, այլ քննիչի: Ալումյանը տեղեկացրեց, որ վաղը նշանակված է առերեսում Արտակ Բուդաղյանի հետ:
Հարցին՝ իրականությունը նման կերպով ներկայացնելը ո՞ւմ շահերից էր բխում, Ալումյանը նկատեց. դեպքից մեկ ամիս անց Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ շնորհակալ է իր բարձրաստիճան ընկերներից աջակցության համար: «Գուցե պատասխանը պետք է փնտրել այդ բառերում: Մենք հանրապետության նախագահից ակնկալիքներ ունենք, հակառակ դեպքում բաց նամակով չէինք դիմի նրան»,- ասաց նա՝ շեշտելով, որ փորձել են նախագահին իրազեկել որոշ հարցերի մասին, որոնք գուցե նրան այլ կերպ են ներկայացրել:
Հիշեցնենք, որ Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցածի կապակցությամբ, երբ Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով մահացել էր Ավետիք Բուդաղյանը, հարուցվել է քրեական գործ, կալանավորված են Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը», և 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելը և պահելը»:
Կատարվածի կապակցությամբ մեղադրանք էր առաջադրվել նաև ՊՆ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ` ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք»: Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Բուդաղյանը չի ընդունել իր դեմ առաջադրված մեղադրանքը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































