Ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեմը հայտարարել են, որ սիրիական իշխանությունների դեմ վճռական գործողությունների ժամանակն է, և Վաշինգտոնը պետք է սահմանափակ բնույթի ռազմական գործողություններ սկսի:
Իրենց համատեղ գրավոր հայտարարության մեջ նրանք Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման պատասխանատու են համարել Սիրիայի կառավարությանը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Նրանց կարծիքով՝ «Սիրիայի զինված ուժերը ընդլայնում են ռազմական թունավոր նյութերի կիրառման մասշտաբները»: Ամերիկացի օրենսդիրները դա համարում են ռազմական հանցագործություն՝ քաղաքակիրթ աշխարհին կոչ անելով մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Նրանց կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է ոչ թե ցամաքային զորք ուղարկի Սիրիա, այլ օգտագործի թևավոր հրթիռներ և նմանատիպ այլ միջոցներ:










































