ՀՀ Կենտրոնական բանկում այսօր տեղի է ունեցել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և խորհրդի անդամների հանդիպումը Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր, դոկտոր Խոսե Պինիերայի հետ: Այս մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Կազմակերպված համաժողովի ընթացքում դոկտոր Խոսե Պինիերան ներկայացրել է «Օժանդակություն աշխատավորներին. Չիլիում սոցիալական ապահովագրության մասնավորեցումը» թեմայով դասախոսությունը: Համաժողովին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, Ազգային Ժողովի, Կառավարության, մասնավոր հատվածի, բանկերի, ապահովագրական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկերի միության, Հայաստանի ապահովագրողների միության, գործարարների և արդյունաբերողների միություն ներկայացուցիչները:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ նշելով, որ Չիլիում իրականացված կենսաթոշակային բարեփոխումները տիպային օրինակ են դարձել մի շարք երկրների համար:
Դոկտոր Խոսե Պինիերան փաստել է, որ Չիլիի կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում 30 տարի առաջ ստեղծված համակարգը գործում է առ այսօր և վերջինիս շնորհիվ Չիլին աղքատ երկրից գնալով վերածվում է Հարավային Ամերիկայի զարգացած երկրներից մեկին:









































