Այսօր՝ օգոստոսի 24-ն է, և Վանաձորում շարունակվում է ազատամարտիկների նստացույցը: Արդեն 3 օր է ազատամարտիկները չեն լքում Վանաձորի Հայքի հրապարակը՝ գիշերը նույնպես անցկացնելով հրապարակում:
Ազատամարտիկները տեղեկացրել են, որ այս օրերի ընթացքում իրենց են այցելել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ: Նրանց գրանցամատյանում գրառումներ են կատարում հասարակ քաղաքացիներն ու անցորդները, ովքեր իրենց զորակցությունն են հայտնում ազատամարտիկների նախաձեռնած գործին և գրանցամատյանում թողնում են իրենց հեռախոսահամարները՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում միանալ նրանց:
Ազատամարտիկները նաև հայտնել են, որ իրենց այցելել են Նախախորհրդարանի Վանաձորի գրասենյակից, ովքեր նույնպես ազատամարտիկներին հայտնել են իրենց զորակցությունը նշելով՝ «Խստագույնս դատապարտում ենք մեր ժողովրդի, տվյալ դեպքում՝ ազատամարտիկների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ վարչախմբի ապազգային և հակասոցիալական քաղաքականությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում իրենց իրավունքների համար պայքարի ելած ազատամարտիկներին, միևնույն ժամանակ ևս մեկ անգամ հիշեցնելով մեր ազատամարտիկներին, որ հայ ժողովրդի իշխանությունը յուրացված է, այդ պատճառով պայքարի նման մեթոդները նվազ արդյունավետ են և կիրառելի են միայն մարտավարական նպատակներով»:
Ազատամարտիկները պնդում են, որ նրանք չեն պատրաստվում դադարեցնել նստացույցը մինչև որ չբավարարվեն նրանց պահանջները: Սեյրան Օհանյանին ազատամարտիկների խորհրդի կողմից ուղարկվել է պահանջ-առաջարկ, բացի այդ կամավորական ազատամարտիկները ՀՀ կառավարություն են ուղարկել իրենց պահանջները, որոնք Ձեզ ենք ներկայացնում ամբողջությամբ:












































