Հայաստանում խոշոր համարվող 941 կազմակերպություններից օգոստոսի 23-ի դրությամբ 299-ը աուդիտ չի անցկացրել: Անցկացրածներից էլ դրական եզարակացություն է տրվել 439-ին, բացասական՝ 203-ին:
Օգոստոսի 5-ի դրությամբ տվյալները հետևյալն էին.
427 կազմակերպության տրվել էր դրական եզրակացություն,
203 կազմակերպություն չէին ստացել դրական եզրակացություն,
311 կազմակերպություններում աուդիտ չէր անցկացվել:
Այսինքն՝ ստացվում է, որ մոտ երեք շաբաթում աուդիտ է անցկացրել չանցկացրած 311 կազմակերպություններից ընդամենը 12-ը, և նրանք բոլորն էլ ստացել են դրական եզրակացություն, քանի որ բացասական եզրակացություն ստացողների թիվը չի փոխվել:
Օրենքով խախտում թույլ տված ընկերությունների նկատմամբ պատիժ չի նախատեսվում, բայց կառավարության որոշմամբ այս տարի այդ ընկերությունները կզրկվեն պետական գնումներին մասնակցելու հնարավորությունից:
Հաշվապահական հաշվառման մասին օրենքով` խոշոր ընկերությունների ֆինանսական գործունեությունն աուդիտի ենթարկելու վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր: Սակայն ֆինանսների նախարարությունն ընդառաջել է այն ընկերություններին, որոնք մինչև հուլիսի 1-ը աուդիտ չեն անցել և տվյալներն անընդհատ թարմացվում են:
Խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը:








































