ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարներ Ջեյմս Մեթիսը և Հան Մին Հուն կողմ են արտահայտվել մշտական շուրջօրյա շփումների գաղափարին՝ գերատեսչությունների փոխգործակցության խորացման նպատակով Հյուսիսային Կորեայի կողմից կրկնվող պրովոկացիոն գործողությունների ֆոնին: Այս մասին «Ռենհափ» գործակալությանը հայտնել է աղբյուրը հարավկորեական ռազմական գերատեսչությունում՝ մեկնաբանելով անցած ուրբաթ տեղի ունեցած հանդիպման արդյունքները:
«(Ջեյմս) Մեթիսը անցկացված բանակցությունների ընթացքում նախարարին (Հան Մին Հուին) առաջարկել է սերտ հաղորդակցություն պահպանել օրվա ցանկացած ժամի ամբողջ տարին»,- հայտնել է աղբյուրը:
«Հանը (Մին Հուն) հայտարարել է, որ ուրախությամբ ընդունել է այդ առաջարկը»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Հարավային Կորեա իր այցի ընթացքում Մեթիսը հանդիպել է նաև անվտանգության հարցերով այդ երկրի նախագահի քարտուղար Կիմ Գվան Չժինի հետ: Կողմերը պայմանավորվել են «պահպանել խաղաղությունը և անվտանգությունը Կորեական թերակղզում և Հյուսիսային Կորեայի կողմից որևէ պրովոկացիայի դեպքում վճռկան հակահարված տալ»:
Հյուսիսային Կորեան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակել «ցանկացած ժամանակ»: Փորձարկումների պատրաստության մասին հայտարարել է նաև այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը իր ամանորյա ուղերձում: Բացի դրանից՝ հունվարին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Փխենյանը կարող էր շարժական կայանների վրա նոր, արդեն եղածների համեմատ ավելի կոմպակտ չափերի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ տեղադրել:




































