Չեխիայի հյուսիսային Լիտոմերժիցե քաղաքում թռչունների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները դաշտում 10-ից ավելի սատկած խոշոր գիշատիչ թռչուններ են հայտնաբերել, որոնք գտնվել են հազվագյուտ տեսակների պահպանության մասին օրենքի պաշտպանության ներքո: Անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բոլոր գիշատիչները թունավորվել են «կարբոֆուրան» թունավոր նյութով, որը նախկինում կիրառվել է գյուղատնտեսության մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Տեղի գուղացիները հերքել են թռչուններին դիտավորյալ թունավորելու մեղադրանքները: Այդ նյութը Չեխիայում արդեն 5 տարի է՝ արգելված է ԵՄ պահանջով: Մեղքն իրենց վրա չեն վերցրել նաև որսորդները: Նրանք ենթադրում են, որ նման բան կարող էր անել ոչ այլ ոք, քան խելագարը:
Գործը փոխանցել են ոստիկանություն: Հետաքննության անցկացման հարցում իրավապահներին ակտիվորեն օգնում են բնապահպանները, որսորդներն ու տեղի ֆերմերները: Թռչուններից բացի կատարվածի զոհը կարող են դառնալ նաև վայրի խոզերը, աղվեսներն ու եղնիկները:









































