Կանադայի Օնտարիո նահանգի բնակիչը 30 ամսվա ազատազրկման է դատապարտվել աշխատավայրից գողության համար, հայտնում է Metro-ն: Կանադայի թագավորական դրամահատարանի աշխատակիցը՝ 35-ամյա Լեսթոն Լոուրենսը, իր հաստ աղիքում ոսկու ձուլակտորներ է դուրս տարել:
Այդ յուրահատուկ միջոցով Լոուրենսը գողացել է 192-224 գրամ քաշով, ընդհանուր 130 000 դոլար արժողությամբ 22 ձուլակտոր: Գողացված միջոցներով կանադացին ձեռք է բերել զբոսանավ և տուն Ջամայկայում: Դատարանը հրահանգել է բռնագրավել նրա ունեցվածքը, նաև ազատ արձակվելուց հետո 3 տարի փոխհատուցել պետությանը պատճառած վնասը, այլապես բանտում կանցկացնի ևս 2,5 տարի:
Նշվում է, որ Լոուրենսը կասկածի առիթ է տվել, քանի որ չափազանց հաճախ է ոսկի վաճառել Ottawa Gold Buyers-ի բաժանմունքներից մեկում: Գանձապահն ուշադրություն է դարձրել, որ Լոուրենսը պարբերաբար միանման ոսկե «տափօղակներ» է տարել վաճառելու, դա կապել է նրա աշխավայրի հետ և ոստիկանություն դիմել:
Նրա պահարանը ստուգելու արդյունքում իրավապահները հայտնաբերել են լատեքսե ձեռնոցներ, մեկ տարա քսուք և այդ ոսկե «տափօղակներից»:












































