Կառավարության շենքի դիմաց արդեն ավանդական դարձած բողոքի ակցիային այսօր, ինչպես նախորդ հինգշաբթիներին, մասնակցում էին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները:
«Առաջին լրատվական»-ը զոհված զինվոր Տիգրան Օհանջանյանի մորից՝ տիկին Գոհար Օհանջանյանից հետաքրքվեց, թե ի՞նչ կարծիք ունի զինվորական դատախազությանը կից ստեղծված խորհրդի մասին, որը պետք է քննի կասկածելի պայմաններում զոհված զինվորների գործերը:
Տիկին Գոհարը նշեց, թե քանի որ զինդատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարության մեջ նշված է, որ քննվելու են միայն իր պաշտոնավարման ժամանակաշրջանի գործեր, իրենք որևէ դիմում չեն էլ ներկայացրել: Նրա խոսքով՝ իրենց որդիների մահերը ինչպես կոծկված եղել են, այնպես կոծկված էլ մնալու են:
Տիկին Գոհարը նաև նշեց, որ իրենք համաձայն կլինեին, որ գոնե իրենց չորսի (նաև Անահիտ Պետրոսյանի, Իրինա Ղազարյանի, Նանա Մուրադյանի) որդիներից մեկի գործը սկզբից մինչև վերջ նորից քննվեր, և իրենք վերջապես ճիշտ պատասխանն ստանային: Ինչ վերաբերում է այն հասարակական կազմակերպություններին, որոնք սկզբում ցանկություն էին հայտնել մասնակցելու քննարկումներին, ապա կարծես թե հրաժարվում են: Տիկին Գոհարի կարծիքով՝ ոչ մի հասարակական կազմակերպություն չի օգնի ճիշտ պատկեր ստանալ. «Ո՞ւմ բացահայտեն, իրենք իրե՞նց»:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում:









































