Օգոստոսի 29-31-ը Երևանում տեղի կունենա Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի թեմատիկ գիտաժողովը` «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակենտրոնում Եվրասիան է» թեմայով:
Գիտաժողովին մասնակցելու են բազմաթիվ մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ 5 համաշխարհային կազմակերպությունների ղեկավարներ:
Հոգեկան առողջության իրազեկվածության, առողջապահական համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների Հայաստան կատարած այցի և երևանյան հռչակագրի ստորագրման մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, Մեյլման հանրային առողջության բժշկական համալսարանի հոգեբան-համաճարակաբան Քրիստինա Հովենը, հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ, հոգեբուժական բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սողոյանը, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ինթրա հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան, հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը:
«Գիտաժողովում նախատեսվում է նաև ստորագրել երևանյան հռչակագիրը, որում համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց ցանկությունն են հայտնում և որոշակի գործողություններ են նախանշում, թե ինչի շուրջ պետք է համագործակցեն` համագործակցության նոր ձևաչափ ձևավորելու համար: Սա համաշխարհային նշանակության միջոցառում է»,- նշեց հոգեբուժական բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սողոյանը:
Գիտաժողովի շրջանակում Հայաստան այցելած` Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, Մեյլման հանրային առողջության բժշկական համալսարանի հոգեբան-համաճարակաբան Քրիստինա Հովենը բազմիցս է եղել Հայաստանում, նաև գիտական հետազոտություններ է իրականացրել:
«Իմ հետազոտության կիզակետում հիմնականում երեխաների հոգեկան պաթոլոգիաների ռիսկային գործոններն են և պատճառները, որոնք կարող են բերել այդպիսի հոգեկան պաթոլոգիաների երեխաների շրջանում: Վերջերս ավարտեցինք 12 եվրոպական երկրների համեմատական հետազոտության արդյունքները, որը Կարոլինայի համալսարանն էր ֆինանսավորել»,- տեղեկացրեց Քրիստինա Հովենը:
Նրա խոսքով` ներկայումս զբաղվում են երիտասարդ տարիքում ինքնասպանությունների կանխարգելմամբ, քանի որ ինքնասպանությունները երիտասարդացել են:
ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ինթրա հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան, հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը, անդրադառնալով հոգեկան առողջությանը, լրատվամիջոցներին հորդորեց այդքան բացասական նյութեր չհրապարակել. ինքնասպանությունների մասին լուրեր չպետք է տարածվեն, հրապարակվեն:
«Ինչքանո՞վ է ակտուալ, որ հեռուստատեսությամբ հայտարարում են, թե որտեղ ինչ վթար է եղել, ով է ինքնասպան եղել. գուցե այդ լուրով դուք իդեա եք տալիս ինչ-որ մեկին, ինչո՞ւ եք այդքան բացասական էներգիայով լցնում մարդկանց»,- ասաց Խաչատուր Գասպարյանը:








































