Բեռլինում փախստականները տեղի բնակիչների դժգոհությունների պատճառով սկսել են հեռանալ ժամանակավոր ապաստարանից՝ հաղորդում է Focus ամսագիրը: Որոշ ներգաղթյալներ արդեն հեռացել են նոր ապաստարանից, որը տեղակայված է Հելլերսդորֆ շրջանի նախկին դպրոցի շենքում: Նրանք վախեցել են տեղի բնակչության ագրեսիայից, որը ոչ միանշանակ է վերաբերվել նման հարևանության հեռանկարին:
Առաջին փախստականները Սիրիայից, Աֆղանստանց և Բալկանյան երկրներից Հելլերսդորֆում բնակություն են հաստատել երկուշաբթի օրը: Դրանից անմիջապես հետո աջ-ծայրահեղականները՝ առաջին հերթին Pro Deutschland ազգայնական շարժման ներկայացուցիչները, սկսել են ամենօրյա բողոքի ակցիաներ կազմակերպել՝ հաղորդում է գերմանական Nachrichten-tv հեռուստաալիքը: Ընդհանուր առմամբ նմանատիպ յուրաքանչյուր ակցիայի ժամանակ հավաքվում է մի քանի տասնյակից էլ քիչ մարդ: Միաժամանակ, հակաֆաշիստական ու իրավապաշտպան կազմակերպություններն, ի պաշտպանություն փախստականների, պատասխան ցույցեր են կազմակերպում, որոնց մասնակցում են մի քանի հարյուր ակտիվիստներ: Գրանցվել են բախումներ ոստիկանության ու ակտիվիստների միջև՝ նշում է Spiegel-ը:
Գերմանացի քաղաքական գործիչներն ու փորձագետները համարում են, որ իշխանությունները ոչ բավարար են աշխատում բնակչության հետ և վերջիններիս հետ չեն քննարկում նրանց թաղամասերում ներգաղթյալների տեղակայելու հարցը:
Նրանց կարծիքով՝ հարկավոր է պայքարել գերմանացիների կենցաղային ռասիզմի դեմ, ովքեր կոլեկտիվ կերպով քննադատում են Սիրիայում և այլ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, բայց պատրաստ չեն ապրել փախստականների հարևանությամբ:







































