Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանն անվանել է հրեական պետության համար մեծագույն վտանգի աղբյուր և հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը կխախտի այդ առումով միջազգային հանրության ձգձգված լռությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նեթանյահուն ելույթ է ունեցել տասնյակ արտասահմանցի դեսպանների առաջ Հոլոքոստի զոհերի հիշատակման միջազգային օրվանից առաջ, որը նշվում է հունվարի 27-ին:
«Մեծագույն վտանգը, որին մենք բախվում ենք, հրեա ժողովրդի և հրեական պետության նկատմամբ ատելությունը գալիս է արևելքից: Այն գալիս է Իրանից: Դրա աղբյուրն այաթոլլաների ռեժիմն է, որը բորբոքում է այդ կրակի լեզուները և ուղղակիորեն հրեական պետության ոչնչացման կոչ է անում»,- ասել է Նեթանյահուն:
«Ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ռեժիմ, որը բաց կերպով կհայտարարի յուրաքանչյուր սևամորթի, յուրաքանչյուր գեյի, յուրաքանչյուր եվրոպացու ոչնչացնելու մտադրության մասին: Կարծում եմ՝ ողջ աշխարհը կվրդովվի, և դա լրիվ արդարացի է: Բայց երբ ռեժիմն ընդամենը կոչ է անում ոչնչացնել յուրաքանչյուր իսրայելցու, իսկ դա այն է, ինչ նրանք ասում են օր օրի, նրանց առավել ականավոր առաջնորդերը, նրանք ասում են դա, և մենք ինչի՞ ենք բախվում: Խլացուցիչ լռության»,- դիմել է նա դիվանագետներին:
Փոփոխությունների հույսը Նեթանյահուն կապում է Թրամփի հետ, որի հետ խոսել է անցած կիրակի, պայմանավորվել են հանդիպել փետրվարին: «Հիմա դա կարող է փոխվել: Ես հուսով եմ, որ դա կփոխվի: Ես հավատում եմ, որ դա կփոխվի: Ես մի քանի օր առաջ խոսել եմ նախագահ Թրամփի հետ, նա խոսեց իրանական ագրեսիայի մասին: Նա խոսեց նաև միջուկային զենքի բնույթի և վտանգի մասին, որն այն ներկայացնում է: Մենք այդ մասին իրար հետ խոսել ենք»,- հայտնել է Նեթանյահուն:











































