Երևանի Օղակաձև զբոսայգում անցյալ տարի փակվել և այլևս չեն բացվել մի քանի բացօթյա սրճարաններ, իսկ գործող սրճարաններում գերակշռում են ազատ աթոռները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «5-րդ էլեմենտ» սրճարանի սեփականատեր Արամ Ավետիսյանն ասաց, որ անցյալ տարվա համեմատ՝ հաճախորդների թիվը նվազել է շուրջ 40 տոկոսով, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ չեն մնում Հայաստանում, օր օրի ավելի շատ են արտագաղթում:
Նա ավելացրեց, որ տարածքի սրճարանների հիսուն տոկոսը կամ չեն բացվել գարնանը, կամ ամռան կեսից փակվել են՝ հաճախորդ չունենալու պատճառով:
Մեզ հետ զրույցում «Կարապ» սրճարանի մենեջեր Արթուր Սահակյանն էլ հավելեց, որ հաճախորդների թիվն այս տարի իջել է շուրջ 30 տոկոսով: Նա ևս սա կապեց արտագաղթի հետ: Այն հարցին, թե գուցե մարդիկ քիչ են, որովհետև մեկնել են հանգստի, Ա. Սահակյանը պատասխանեց, որ դա հիմնականում նկատվում է օգոստոս ամսին, սակայն այս տարի ողջ ամառ հաճախորդները պասիվ են եղել:
Այս կարծիքներին հակառակ՝ «Լաքի» սրճարանի մենեջեր Էդուարդ Խոսրովյանն էլ համոզված է՝ սրճարանը չի կորցնի հաճախորդներին, եթե հետևողական աշխատանք տարվի: Ինչ վերաբերում է «Լաքիին», ապա նա ասաց, որ շատ քիչ՝ հինգ տոկոսով է սրճարան հաճախելիությունը նվազել:
Մի քանի սրճարանների մենեջերներ էլ, ովքեր չցանկացան ներկայանալ, ասացին, որ եթե այսպես շարունակվի, մյուս տարի սրճարանը չեն բացի, որովհետև չեն կարողանում շահույթ ստանալ:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































