Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների հարցերով լիազոր Մարկուս Լյոնինգը խստորեն քննադատել է Մեծ Բրիտանիայի իշխանությունների գործողությունները, որոնք ճնշում են գործադրում The Guardian թերթի վրա՝ նյութերի հրապարակման կապակցությամբ, որոնք հաստատում են արևմտյան հատուկ ծառայությունների կողմից քաղաքացիների էլեկտրոնային նյութերի վերահսկողությունը:
«Դա արդեն կարմիր գծի հատում է»,- ասել է նա Berliner Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ:
Գործընթացները, որոնց մասին հեղինակային հոդվածում խոսել է The Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը, ուղղակի «ցնցել են» Լյոնինգին: Նա իր մտահոգությունն է հայտնել Մեծ Բրիտանիայում կարծիքի ազատ արտահայտման կապակցությամբ:
Լյոնինգը նաև անթույլատրելի է համարել բրիտանական իշխանությունների գործողությունները, որոնք Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում ինը ժամ հարցաքննել են թերթի լրագրող Գլեն Գրինվալդի ընկերոջը:
«Դա արվել է հակաահաբեկչական օրենքի հիման վրա, սակայն այստեղ որևէ կապ չեմ տեսնում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները խնդրել են Guardian-ին՝ իշխանություններին փոխանցել կամ ջնջել Սնոուդենից ստացած բոլոր նյութերը: Իշխանության պահանջներին չենթարկվելու դեպքում թերթին դատական հետապնդմամբ են սպառնացել:
Գլխավոր խմբագրի խոսքով՝ արդյունքում Բրիտանական էլեկտրոնային հետախուզության անվտանգության հարցերով երկու փորձագետներ վերահսկել են կոշտ սկավառակների և Macbook Pro համակարգչի ոչնչացումը Guardian-ի լոնդոնյան շենքի նկուղում, ինչը թերթի պատմության ամենատարօրինակ պահերից մեկն է դարձել:









































