Այսօր ԱԺ-ում անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ 2009 և 2011 թթ. համաներումներով Սերժ Սարգսյանը կատարում է քաղաքական սրբագրումներ և քայլ է կատարում 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական լարվածությունը մեղմացնելու ուղղությամբ:
Իսկ ո՞ւմ ճնշմամբ է կատարվել այս համաներումը՝ հարցնում է Վիկտոր Դալլաքյանը և պատասխանում, որ այս տեսանկյունից կա երեք հարցադրում.
1. համաներումն արվել է իշխանությունների գթասրտության արդյունքում,
2. համաներումն արվել է ընդդիմության ճնշման հետևանքով,
3. համաներումն արվել է միջազգային հանրության ճնշման ներքո:
«Ես կարծում եմ, որ այս երեք գործոններից որևէ մեկի բացարձակացումը տանում է դեպի փակուղի: Կարծում եմ, որ դրանցից յուրաքանչյուրն էլ ունեցել է իր նշանակությունը: Պատկերացրեք, որ եթե Հայստանում չլիներ կազմակերպված և ինստիտուցիոնալ ընդդիմություն, եթե միջազգային հանրությունը անտարբեր վերաբերմունք դրսևորեր Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին և եթե Հայստանի 3-րդ նախագահը իր նախորդի նման լիներ, օրինակ՝ քինախնդիր, այս համներումը չէիք ունենա: Ես սա համարում եմ քաղաքական տեսանկյունից միանգամյան դրական երևույթ»,- ավելացրեց Վիկտոր Դալլաքյանը:
Սա նաև, ըստ Դալլաքյանի, շանս է տալիս ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները քննարկել «ցիվիլ հարթությունում»:
Իշխանություններին չի հաջողվելու 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում չեզոքացնել Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության գործոնը, իսկ ընդդիմությանը չի հաջողվելու հասնել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների: «Ես կարծում եմ, որ երկու կողմից էլ սա գիտակցում են, և շախմատ խաղացողները հասկանում են, որ Հայաստանը գնում է հերթական խորհրդարանական ընտրությունների»,- լրացրեց Վիկտոր Դալլաքյանը:
Իսկ իր ելույթը Դալլաքյանն ավարտեց հետևյալ դիտարկումներով. «Հայաստանի 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները, յուրաքանչյուրն իր հերթին գործել են բարդագույն պայմաններում: Տեր-Պետրոսյանի համար բարդագույն խնդիր է եղել խորհրդային իմպերիայի փլուզումից հետո երկիրը փլատակների տակ չթողնելը և պատերազմում ժողովրդի հաղթանակը ապահովելը: Սա բարդագույն խնդիր է եղել: Քոչարյանի համար բարդագույն խնդիր է եղել 97 թ. Հայաստանի ներքաղաքական բարդ պայմաններում վարչապետ նշանակվելը և որպես ղարաբաղյան շարժման սիմվոլ Հայաստանի հանրությանը ներկայանալը: Իսկ հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար բարդագույն 3 խնդիր է եղել.
1. երկփեղկված հասարակություն՝ մարտի 1-ի ողբերգության արդյունքում,
2. աննախադեպ համաշխարհային ճգնաժամը,
3. միջազգային գործընթացները, որոնք ալեկոծում են նաև Արևելքը:
Եվ վերջինը։ Երբ Տեր-Պետրոսյանը գրում էր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, ես չէի ցանկանում, որ իմ երկրի նախագահը սխալվի, որովհետև նա իմ երկրի նախագահն էր։
Երբ Քոչարյանը գնում էր Քի Վեսթ, ես չէի ցանկանում, որ նա սխալվի, որովհետև նա իմ երկրի նախագահն էր։
Ես չեմ ցանկանում, որ Ղարբաղյան բանակցությունների և այլ լրջագույն խնդիրների լուծման գնացող հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սխալվի, որովհետև նա իմ երկրի նախագահն է»,- եզրափակեց Վիկտոր Դալլաքյանը։









































