«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
-Պարոն Հարությունյան, քաղաքական դաշտը պատրաստվում է ընտրություններին, երեկ հայտնի դարձավ ևս մեկ դաշինքի մասին՝ միավորվել են «Համախմբում»-ը, «Երրորդ հանրապետություն»-ը և Դեմոկրատական կուսակցությունը: Նաև Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Քանի որ դուք այս թևի քաղաքական ուժերին եք աջակցություն հայտնել նախկինում, ունե՞ք որոշում, թե ձեր կուսակցությունն ինչ ձևաչափով կմասնկցի ընտրություններին:
–Քանի որ ամեն ինչը տեսնում ենք այն դիտակետից, որ այս Ընտրական օրենսգրքով վարկանշային քվեարկությամբ է, ըստ էության, հարցերը լուծվելու, լուրջ դաշինքներն են երաշխիքը, որ իշխանությունները չվերարտադրվեն կամ գոնե լինեն վերահսկելի: Այդ իմաստով կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը եղել է այն, որ պետք է նպաստել, որ ստեղծվեն մեծ դաշինքներ, իհարկե իդեալական տարբերակն այն էր, որ մեկ դաշիքնով գնար ընդդիությունը, այդ դեպքում ակնհայտ է, մաթեմատիկորեն պարզ է, որ իշխանությունը կպարտվեր: Մենք միշտ կողմնակից ենք եղել խոշոր դաշինքներին: Շատ կարևոր է նաև Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալը, ինչպես ժամանակը ցույց տվեց, այդ տեղը հնարավոր չեղավ լցնել: Եթե այն ժամանակ, երբ որ կար համաժողովրդական շարժում, ասում էին, որ կան երեք լիդերներ՝ նկատի ունենալով Լևոն Տեր- Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց ժամանակը ցույց տվեց, որ շարժման առաջնորդն իրոք Գագիկ Ծառուկյանն է, որովհետև նրա հեռանալով շարժումը պառակտվեց: Ծառուկյանը կարողացել էր իրար հետ երկար տարիներ հակասություններ ունեցող քաղաքական ուժերին համախմբել: Եվ ժամանակը ցույց տվեց, որ չկա Հայաստանում այդպիսի մարդ, որը կարողանա, այսպես ասած, նոտայոով համախմբել բոլորին: Երբ որ վերլուծում ենք, տեսնում ենք, որ նրա վերադարձը ոչ միայն սպասված է ժողովրդի, այլ նաև քաղաքական ուժերի կողմից: Ծառուկյանը, լինելով բարեգործ, դրական աուրա ունի, և որպես անհատ, ունի ամենաբարձր վարկանիշը: Համոզված եմ, նրա ստեղծած դաշինքը հզոր կլինի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































