ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն արդեն վերադարձել է Դրեզդենից, որտեղ մասնակցում էր Եվրոպական լիբերալ դեմոկրատների կուսակցության նիստին: Հիշեցնենք, որ ՀՀՇ-ն ևս Եվրոպական լիբերալ-դեմոկրատների կուսակցության մաս է կազմում:
Այսօր հրավիրած ասուլիսում Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ մայիսի 20-ին Հայաստանի քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձև է ընդունվել Եվրոպական լիբերալ-դեմոկրատների կուսակցության կողմից: «Եվրոպայի լիբերալներն առաջին անգամ դիմեցին Եվրամիության երկրներին, որպեսզի Հայաստանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր քաղբանտարկյալների դատավարությունների հարցում մասնակցություն են ունեցել, կիրառվեն պատժամիջոցներ: Բանաձևի մեկ այլ կետում էլ ասվում է, որ Եվրոպայի լիբերալները պետք է դիմեն իրենց երկրների խորհրդարաններին, որպեսզի Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության հարցում բարձրացնեն քաղբանտարկյալների խնդիրը»,- տեղեկացրեց պարոն Մանուկյանը՝ հավելելով, որ որոշում է կայացվել հաջորդ նիստին ներկայացնելու բանաձևի կատարման վերաբերյալ հաշվետվություն:
Արամ Մանուկյանն անդրադարձավ այսօր ԱԺ-ում քննարկվող համաներմանը: Շեշտելով, որ համաներումը պետք չէ շփոթել ներման հետ, Մանուկյանը պարզաբանեց. «Համաներումը քաղաքական ակտ է, իսկ ներումը կոնկրետ ակտ է՝ ներման դիմումների հիման վրա: Իսկ որևէ քաղբանտարկյալ ներման դիմում չի գրել»: Անկախ տեղի ունեցածից, Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ անգամ քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր մեղավոր են ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության համար:








































