Կալիֆոռնիայում դատարանը թույլատրել է բանտերի ղեկավարությանը հարկադրաբար կերակրել հացադուլավոր կալանավորներին՝ գրում է The Los Angeles Times-ը: Բացի այդ, դատարանը թույլ է տվել կիրառել այլ բժշկական միջոցներ՝ սովյալների ֆիզիկական վիճակի պահպանման համար, չնայած այն բանին, որ նրանք պաշտոնապես են հրաժարվել նման օգնությունից:
Որոշումն այն մասին, թե ում է անհրաժեշտ կերակրել, ում՝ոչ, կընդունի բժիշկը: Այս մասին ասել է բանտի բժշկական բաժանմունքի մամլո քարտուղար Ջոյս Հեյհոուն:
ԱՄՆ-ն իշխանությունները չունեն հացադուլին միջամտելու իրավունք, եթե դրա մասնակիցները ստորագրել են բժշկական օգնությունից հրաժարվելու մասին փաստաթուղթ: Սակայն այս դեպքում Կալիֆոռնիայի բանտային ծառայությունը դիմել էր դատարան՝ բացառություն անելու խնդրանքով, քանի որ, նրա տեղեկություններով՝ որոշ բանտարկյալների ստիպում են մասնակցել հացադուլին և փաստաթուղթը ստորագրել՝ իրենց կամքին հակառակ։
Սահմանադրական իրավունքների կենտրոնի (ներկայացնում է հացադուլավոր կամավորների շահերը) ղեկավար Ջուլես Լոբելը հայտարարել է, որ դատարանի որոշումը խախտում է իր հաճախորդների իրավունքները: Նրա խոսքերով՝ բողոքը դադարեցնել կարելի է բանակցելու միջոցով:
Կալիֆոռնիական բանտերում բողոքի ակցիաները սկսվել էին հուլիսի 8-ին: Ներկայում հացադուլը շարունակվում է 6 բանտերում, ընդհանուր առմամբ՝ 69 բանտարկյալներ արդեն 43 օր է՝ հրաժարվել են սննդից, ևս 67-ն՝ ավելի կարճ ժամկետ: Կալանավորները բողոքում են պահման պայմաններից, ինչպես նաև մենախցերում տարիներով մնալուց:











































