Ռուսաստանը պետք է ընկալի որ այս տարածաշրջանում Հայաստանը մնացել է այն միակ երկիրը, որը կարող է լինել ռուսական շահերի հաղորդիչը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասաց «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը ռուսական շահերի հաղորդիչ լինել չեն կարող:
Ս. Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանին օդ ու ջրի նման անհրաժեշտ է նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը. «Ինչպես իր մտահոգությունն այստեղ հայտնեց Ֆյուլեն, Հայաստանը համաձայնագրի ստորագրումից հետո պետք է կարողանա իրականացնել այն, ինչ ստորագրել է։ Դա իսկապես լուրջ խնդիր է, պետք չէ պարզապես ստորագրել հետո ձեռքերը լվանալ՝ ասելով, թե ի վիճակի չեմ իրականացնել»:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է Ռուսաստանը սկսի Հայաստանի հանդեպ էլ կիրառել այն տնտեսական պատժամիջոցները, որոնք կիրառում է Ուկրաինայի նկատմամբ, թե՞ քանի որ Ուկրաինան ստորագրում է, Հայաստանը՝ նախաստորագրում, նման բան չի լինի, բանախոսը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ճնշման փորձեր ուղղակի կամ անուղղակի կլինեն նաև Հայաստանի նկատմամբ: Եթե Ուկրաինայի նկատմամբ բացահայտ են ճնշումները, ապա Հայաստանի դեպքում միջնորդված ճնշումներ են՝ զենքի գործարքն Ադրբեջանի հետ ամենևին էլ բիզնես չէ: Հայաստանի պարագայում խուսափում է գնալ ուղղակի պատժամիջոցների, որովհետև անբնական կլինի, եթե ռազմավարական դաշնակից պետությունը բացահայտ գնա այդ գործողություններին: Բացառել, իհարկե, չի կարելի, որ ուղղակի ճնշումներ էլ կլինեն»:
Ըստ Սաֆարյանի՝ Ռուսաստանի կողմից սպառնալիքները պետք է բաժանել երեք խմբի. «Առաջինն անվտանգության խնդիրն է, քաղաքական առումով՝ կարող է որպես Միսկի խմբի համանախագահող երկիր ճնշումներ գործադրել, երկրորդը՝ թույլ տալ սադրել, որ Ադրբեջանը գնա ռազմական գործողությունների, երրորդը՝ տնտեսական պատժամիջոցներ, էներգետիկ համակարգի ութսուն տոկոսը պատկանում է Ռուսաստանին։ Բայց պետք չէ մտածել, որ այդքան ազատ է, պատժամիջոցներ կիրառելու համար Ռուսաստանն այդքան էլ ազատ չէ»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































