Որ հայ-ռուսական բարեկամություն կոչվածի ներկայիս խայտառակ որակի գլխավոր պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, որը վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանն ուղղակի փուլ առ փուլ, մաս առ մաս, ճյուղ առ ճյուղ Ռուսաստանին նվիրելով էր զբաղված, դրա դիմաց ակնկալելով միայն մի բան` Հայաստանում իր ամբողջատիրական իշխանության հովանավորոթյուն Մոսկվայից, քննարկման ենթակա չէ: Բայց, երևի թե հարկ է քննարկման առարկա դարձնել մեկ այլ պատասխանատուի` Ռուսաստանի իշխանությանը, և գուցե նաև Ռուսաստանի հասարակությանը: Թե՛ պատմականորեն, թե՛ ներկայիս աշխարհաքաղաքական դասավորություններում Հայաստանը Ռուսաստանի համար եղել է շատ կարևոր տարածաշրջան, հիմա` պետություն: Եվ Ռուսաստանի իշխանության ու հասարակության համար պետք է որ միևնույն չլինի, թե ինչպիսին կլինեն այդ պետության հետ փոխհարաբերության որակական դրսևորումները:
Բանն այն է, որ այդ որակից է կախված փոխհարաբերության կանխատեսելիությունը, հեռանկարայնությունը, հուսալիությունը, արդյունավետությունը: Ռուսաստանին չպետք է այդ ամենը չմտահոգի: Իսկ այդ ամենի համար պետք է, որ Ռուսաստանը գործընկեր ընտրի ոչ թե Հայաստանի իշխանական լծակներին տիրացած խմբերին կամ անհատներին, այլ Հայաստանի հասարակությանը: Այսինքն, Ռուսաստանի համար պետք է կարևոր լինի Հայաստանի հասարակության, քաղաքացիների, ժողովրդի, ու հատկապես Հայաստանում աճող նոր սերնդի կարծիքն ու վերաբերմունքը իր հանդեպ: Հայաստանի հասարակությունն ու հատկապես նոր, երիտասարդ սերունդը չեն ընդունում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ներկայիս իշխանության քաղաքականությունը, երբ գլխավոր խնդիր է դիտվում Հայաստանի իշխանությանը, իսկ դրա հետ միաժամանակ էլ Հայաստանի հասարակությունն ու Հայաստանն ընդհանրապես մինչև անհնարինության աստիճան նվաստացնելը, ներկայացնելը, թե մենք առանց Ռուսաստանի կյանք չունենք:
Դա ժամանակի ընթացքում ոչ թե հարգանք կամ սեր, այլ ատելություն է առաջացրել և պետք է արձանագրել, որ Ռուսաստանի իշխանությունն ու հասարակությունը վերջին տարիներին ոչ մի շահագրգռություն հանդես չբերեցին կանխելու հաար ատելության տանող այդ գործընթացը: Իսկ դրա համար անհրաժեշտ է մի պարզ բան` Հայաստանին տալ ոչ թե այն, ինչ ուզում է ի հեճուկս հասարակության կամքի ձևավորվող իշխանությունը, այլ տալ այն, ինչ ուզում է Հայաստանի հասարակությունը, ինչ ակնկալում է Հայաստանի հասարակությունը, ինչ բխում է առաջին հերթին Հայաստանի հասարակության շահից: Հակառակ դեպքում, Ռուսաստանի իշխանության ու հասարակության թվացյալ շահից բխող ներկայիս լիակատար վասալությունը մի օր ընդհատվելու է ավելի արագ, քան ձևավորվել է: Ու այդ դեպքում արդեն ռուսները ոչ մեկին մեղադրելու իրավունք չունեն, իրենցից բացի:
Այլ խնդիր է իհարկե, որ Ռուսաստանի ներկայիս իշխանություն, որն իր բնույթով պակաս ամբողջատիրական չէ, քան Հայաստանինը, այդ հեռանկարի մասին չի էլ ուզում մտածել: Ահա այդ դեպքում պատասխանատվության բաժին է առաջանում նաև Ռուսաստանի համար, քանի որ չմտածելով Հայաստանի հետ փոխհարաբերության որակական բարելավման, Հայաստանի հետ հավասարազոր, գործընկերային, հասարակական վստահության վրա հիմնված հարաբերության հաստատման մասին, Ռուսաստանի իշխանությունը ոչ միայն Հայաստանի պետական շահին է հարվածում` դա Հայաստանի իշխանության և հասարակության խնդիրը պետք է լինի, այլ նաև հարվածում է Ռուսաստանի շահին, հատկապես ներկայումս Հարավային Կովկասի գրեթե լիակատար կորստի պայմաններում: Ահա այդ մասին էլ պետք է մտածի Ռուսաստանի հասարակությունը:











































