Բեյրութի օդանավակայանում թռիչք և վայրէջք կատարող ինքնաթիռներին սպառնում են թռչունները, որոնք հավաքվում են հարակից աղբանոցում՝ կեր հայթայթելու համար։ Այս մասին հայտարարել է Լիբանանի տրանսպորտի նախարար Յուսեֆ Ֆենիանոսը՝ փոխանցում է BBC-ն։
Նախարարը հայտարարել է, որ երկիրը բախվել է արտակարգ իրավիճակի, քանի որ թռչունները շարունակում են գալ օդանավակայանի շրջան։
Երեքշաբթի Middle East Airlines-ի ինքնաթիռը բախվել էր թռչունների մեծ երամի հետ օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Քանի դեռ լուրջ միջադեպեր չեն գրանցվել, ակտիվիստները կոչ են անում փակել աղբանոցը։
«Կոստա-Բրավա» աղբանոցը հայտնվել է օդանավակայանի շրջանում 2016 թվականի մարտին որպես քաղաքում աղբային ճգնաժամի ժամանակավոր լուծում, որն առաջացել էր Բեյրութի գլխավոր աղբանոցի փակումից հետո։ Թափոնների վերամշակման գործարանի կառուցման նախագիծն այդպես էլ չի իրագործվել։









































