Տեխասից ամերիկացի գործարար Ռեքս Թիլերսոնը, ում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է պետքարտուղարի պաշտոնում, պատրաստ է Սենատի կողմից հաստատումից հետո պաշտպանել ԱՄՆ շահերը բոլոր երկրների նկատմամբ, ներառյալ Ռուսաստանի։ Նա դա հաստատել է Սենատի արտաքին հարցերով կոմիտեում իր թեկնածության քննարկման լսումների ժամանակ, որոնք տևել են ավելի քան 9 ժամ։
Նրան հարցրել են նորընտիր նախագահի հետ հարաբերությունների մասին, ում հետ նա վերջերս է ծանոթացել։ Թիլերսոնը պատասխանել է որ համաձայնել է նշանակման այն բանից հետո, երբ համոզվել է, որ Թրամփն իսկապես պատրաստ է լսել իրեն։
Ելույթի ժամանակ նա ընդգծել է որ Ռուսաստանն այսօր վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար, սակայն չի հանդիսանում անկանխատեսելի սեփական շահերի խթանման հարցում։ «Մեզ պետք է բաց և անկեղծ երկխոսություն Ռուսաստանի ետ նրա ձգտումների վերաբերյալ՝ իմանալու համար, ինչպես կառուցել սեփական կուրսը»,-ընդգծել է պետքարտողարի թեկնածուն։
Նա անհրաժեշտ է համարում պատժամիջոցներրի հարցով ստատուս-քվոյի պահպանումը, քանի դեռ իրենք չեն կարող սերտորեն շփվել Ռուսաստանի հետ և պարզել նրանց մտադրությունները։ Թիլերսոնը նշել է, որ դա նշանակում է գործող պատժամիջոցների պահպանում։
Նա ընդգծել է, որ պատժամիջոցների կիրառումը պետք է նպատակահարմար լինի և մանրամասն մտածված։
«Անարդյունավետ պատժամիջոցներն ավելի վատ են, քան դրանց բացակայությունը»,-մի քանի անգամ կրկնել է նա։ Նրա համոզմամբ՝ նման պատժամիջոցների կիրառումը նշանակում է «թուլության ազդանշան» տալ։
Ռուսաստանին վերագրվող ցանցահենային հարձակումների վերաբերյալ Թիլերսոնն ասել է, որ հասանելիություն չունի գաղտնի տեղեկատվության հետ աշխատանքին և չի կարող դատել ԱՄՆ հետախուզության գաղտնի եզրակացությունների վերաբերյալ։






































