Սպիտակ տան հաշվետվության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի էմիգրացիոն բարեփոխումը կարող է երկրի տնտեսությանը միլիարդավոր դոլարների շահույթ բերել, հաղորդում է «Վեդոմստի»-ն:
Օրենքը թույլ կտա օրինականացնել 11 միլիոն ներգաղթյալների: Նրանց ստվերներից դուրս բերելու անհրաժեշտությունը մեկնաբանվում է տնտեսական նպատակահարմարությամբ. 1990-2005 թթ. ներգաղթյալները բացել են ամենաարագ աճող ընկերությունների 25 %-ը և վարձել են 220 հազար մարդ:
Օրենքը նախատեսում է, որ մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը ԱՄՆ-ի տարածք եկած ներգաղթյալները կարող են օրինականացվել, այնուհետև հավակնել քաղաքացիության, եթե անցնեն մի շարք ընթացակարգերի միջով:
Նրանք պետք է ապացուցեն, որ ԱՄՆ-ի տարածքում ապրել են մինչև 2011 թ. դեկտեմբերը՝ տրամադրելով հաշիվներ և այլ փաստաթղթեր, վճարեն կուտակված հարկերը, սովորեն անգլերեն, վճարեն 500 դոլարի տուգանք, որից հետո կարող են կանգնել կացության իրավունք ստանալու հերթի վերջում:
Օրինականացման հայտ ներկայացրած անձինք պետական նպաստների և այլ արտոնությունների իրավունք չեն ունենա՝ հավելում է պարբերականը:
Օրենքի հակառակորդները ենթադրում են, որ բավականին հեշտ է օրինականացնել ներգաղթյալներին առանց քաղաքացիություն շնորհելու: Սակայն դա չի տա լիարժեք տնտեսական շահույթ՝ ասվում է Սպիտակ տան հաշվետվության մեջ:
Անօրինական ներգաղթյալներին քաղաքացիություն տրամադրելու դեպքում 10 տարուց ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կավելանա 568 միլիարդ դոլարով, հավելյալ հարկերի շնորհիվ բյուջեն կստանա 75 միլիարդ դոլար:









































