Շատ դերասան-դերասանուհիների համար թատրոնը յուրահատուկ հարթակ, յուրահատուկ փորձություն է դեպի կինո, դեպի էկրան: Բոլորը կոփվում են թատրոնում, դառնում փորձառու, վարպետանում, ապա ելնում հաջորդ աստիճանը` դուրս գալով եթեր:
Armstar.am–ի փոխանցմամբ՝ մերօրյա զանազան սերիալներն ու դրանց անթիվ սերիաները թույլ են տալիս դերասաններին վաստակել, ճանաչում ձեռք բերել: Սիրված և ճանաչված դերասանուհի Անի Պետրոյանն այս առումով ևս բացառություն չէ. «Ինձ համար ամեն ինչ սկսվեց թատրոնից: 19 տարեկանում ընդունվեցի թատերական ինստիտուտ, իսկ արդեն 20 տարեկանից աշխատել եմ Սունդուկյանի անվան թատրոնում: Առաջին անգամ կինոյում նկարահանվել եմ 23 տարեկանում»:
Անին կարծում է, որ թատրոնը մեծ նշանակություն ունի դերասանի համար. «Թատրոնը թույլ չի տալիս նույն տեղում դոփել մասնագիտության մեջ, օգնում է ավելի հմտանալ դերասանական արվեստում: Ես սիրում եմ բեմը, իսկ կինոն ինձ համար կախարդական աշխարհ է»,-ասել է դերասանուհին:
Բացի սկզբունքային հարցերից Անիի հետ զրուցել են նաև մերօրյա սերիալների մասին. «Սերիալներին ես չէ, որ պետք է գնահատական տամ: Ժողովուրդն է գնահատականը տալիս… Իհարկե շատ բացեր կան սերիալներում: Աստված տա, որ մի օր մեր ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվեն համաշխարհային էկրաններին»:
Զրույցն ամբողջությամբ՝ armstar.am-ում









































