Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկվել և ընդունվել են Սահմանադրական փոփոխությունների առաջարկի առաջին և երկրորդ հոդվածները, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Հոդվածներից առաջինը, որն ընդունվել է 347 կողմ և 132 դեմ ձայներով, ենթադրում է, որ սահմանադրության մեջ ամրագրված «անկախ դատարաններ» եզրույթը փոխարինվելու է «անկախ և անկողմնակալ դատարաններ» արտահայտությամբ:
Երկրորդ հոդվածով, որն ընդունվել է ձայների 343 կողմ և 133 դեմ հարաբերությամբ, նախատեսվում է, որ մեջլիսի պատգամավորների թիվը պետք է 550-ից դառնա 600:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների առաջարկը նպատակ ունի փոխել երկրի կառավարման համակարգը` այն դարձնելով նախագահական: Երկրի նախագահին թույլատրվելու է լինել կուսակցական:
Սահմանադրական փոփոխությունների նախագծին աջակցում է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը:








































