Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելեն կոչ է արել պաշտպանել Եգիպտոսի քրիստոնյաներին, այս մասին տեղեկացնում է РБК-ն՝ հղում անելով Deutsche Welle-ին:
«Եգիպտոսի քրիստոնեական փոքրամասնությունը պետք է պաշտպանված լինի բռնություններից»,-հայտարարել է նա գերմանական ԶԼՄ-ներին, փոխանցում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի ԱԳ նախարարը հրաժարվել է Եգիպտոսի իշխանափոխությունը ռազմական հեղաշրջում անվանել: «Մենք կատարվածը կգնահատենք իրադարձությունների հետագա զարգացման արդյունքում»,- բացատրել է նա՝ ավելացնելով, որ ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք Եգիպտոսի տարբեր քաղաքական ուժերը կպատրաստե՞ն երկրի վերադարձը սահմանադրական կարգերին և ընտրություններին:
Վեսթերվելեն նշել է, որ նա չի կանգնի ո՛չ ռազմական կառավարության, ո՛չ էլ «Մուսուլման եղբայրների» կողքին: «Մենք կանգնած չենք և ոչ մի քաղաքական ուժի կողքին, այլ այն մարդկանց, ովքեր ձգտում են դեպի ժողովրդավարական արժեքներն ու բաց հասարակությունը»,- նշել է նա:
Նախարարի խոսքով՝ Եգիպտոսի ապագան կախված է իրենցից՝ եգիպտացիներից:
«Եգիպտոսի հեղափոխությունը մի գործընթաց է, որը դեռ չի ավարտվել: Մենք այժմ պատմական պահի առաջին հինգ րոպեներն ենք ապրում»,- ասել է նախարարը:









































