«Թալիբան»-ի պակիստանյան մասնաճյուղն իր վրա է վերցրել Փեշավար քաղաքի ոստիկանության մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:
France Presse գործակալությանը իսլամիստական խմբավորման ներկայացուցիչն ասել է, որ այս պայթյունը վրեժ է մայիսի 1-ին ամերիկացիների կողմից սպանված «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի համար: Նա ավելացրել է, որ պայթյունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան անօդաչու ինքնաթիռները չեն դադարեցրել ռմբակոծել Պակիստանի տարածքը: Բացի այդ, «Թալիբանը» պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները երկրի հյուսիս-արևմուտքում:
Մայիսի 25-ին Փեշավարի ոստիկանության շենքն է մխրճվել պայթուցիկով բեռնված մեքենա, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Ահաբեկչության հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, 20-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Պայթյունը տեղի է ունեցել ամերիկյան հյուպատոսությունից ոչ հեռու:








































