«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ կառավարության՝ հյութերի, գարեջրի, ջրերի և այլ ըմպելիքների ակցիզավորման վերաբերյալ որոշումը տնտեսության մեջ լուրջ դրական տեղաշարժ կմտցներ, եթե հետևողական աշխատանք տարվեր:
«Դրոշմավորումն արվում է պետության կողմից՝ ստվերային գործունեությունը դուրս հանելու համար, և այն գումարները, որոնք ծախսում են տնտեսվարող սուբյեկտները, պետությունը հետագայում վերադարձնելու է»,- ասում է ՀԿ նախագահը:
Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ դրոշմանիշերն արժեն 2-3 դրամ, մինչդեռ տնտեսվարող սուբյեկտներն ըմպելիքների գները թանկացրել են 30-40 դրամով. «Գների անհիմն թանկացում է եղել, և դրա դեմ պայքարող չկա: Ստացվում է այնպես, որ այս դրական գործընթացը կիսատ, անհետևողական, ոչ լիարժեք գործընթաց է և բացասական հետևանք է ունենում»:
Պրն Պիպոյանն ասաց նաև, որ անհիմն թանկացումը, ինչպես միշտ, հարվածում է սպառողի գրպանին, իսկ հարկային մարմինները շարունակում են լռել. «Նրանց համար փաստացի ապացույց է, որ ստվեր ենք ունեցել: Փոխանակ հիմա այդ ընկերություններին պատասխանատվության ենթարկեն՝ նստած սպասում են»:
Այն հարցին, թե ՀԿ-ն ի՞նչ է անում այս ուղղությամբ, մեր զրուցակիցը պատասխանռց, որ արդեն փաթեթներ են պատրաստում, որոնք ուղարկելու են կառավարություն: Այս հարցը փոխկապակցված է մի քանի պետական լիազոր մարմինների աշխատանքի հետ, ինչը ձգձգում է փաթեթը կազմելու աշխատանքները:









































