Գեղարքունիքի փոխմարզպետի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական և բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը: Վերջինս ներկայացրել է նաև Մակարով տեսակի ատրճանակ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության դեպքի առիթով:
Նախնական տվյալներով` 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Գավառ քաղաքում կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հայկ Հակոբյանը մահացել է:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թվով 7 պարկուճ և երկու գնդակ: Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ:








































