Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի պաշտպանության նախարարության պատրաստակամությունը` քննարկել ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջին վերադարձնելու հարցը Ադրբեջանի տարածք անցած հայ զինծառայող Հակոբ Ինջիգուլյանին վերադարձնելու դիմաց:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հաղորդել է, որ իրենք տեղյակ են Հայաստանի ՊՆ ուղերձի մասին:
«Ֆիրուզ Ֆարաջևը գերության մեջ է գտնվում ավելի քան մեկ տարի: Հայկական ԶԼՄ-ները, հիմնվելով Ֆիրուզ Ֆարաջևի հարցազրույցի վրա, կարող են պնդել, որ նա հրահանգի համաձայն մշտապես հայտարարել է երրորդ երկիր հեռանալու իր ցանկության մասին: Թե ինչ է այժմ փոխվել` դժվար չէ հասկանալ: Հայաստանի ՊՆ-ի նման հայտարարությունն, իհարկե, կապված է Հակոբ Ինջիգուլյանի գերության հետ: Ես չեմ ցանկանում որևէ դիրքորոշում արտահայտել այս հարցի վերաբերյալ, քանի որ դրանով զբաղվում է Ադրբեջանի համապատասխան կառույցը»,- ասել է նա:








































