ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանի խոսքով, նախորդ տարվա ընթացքում գրանցված կարուսելների թիվը ավելացել է՝ 49-ից հասնելով 108-ի։ Այս փաստը կարևոր է այն առումով, որ միայն գրանցված կարուսելներն են անցնում տարեկան տեխզննում։ Այս տարի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը անցկացրել է 42 կարուսել, 23-ը փորձաշրջանի մեջ են։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ ամենաբարվոք վիճակում են գտնվում Մանկական երկաթուղին և Լունապարկը, մինչդեռ Հաղթանակի այգու կարուսելենրից շատերն ունեն վերանորոգման կարիք։
Թերություններ ունեցող կարուսելներ շահագործելու համար «Մոնումենտը» տուգանվել է 3 միլիոն դրամով։
«Հայաստանում գրանցված է 13,000 վտանգավոր օբյեկտ, որոնց փորձաքննության համար մեծ ռեսուրսներ են պետք, և ավելի քան մեկ տարի հաճախականությամբ դա անել հնարավոր չէ։ Միայն մեկ վերելակի փորձաքննությունն արժե 240 հազար դրամ։ Այս տարի բացասական եզրակացություն է ստացել 70-ից ավելի վերելակ։ Տեխնիկական սարքերի սարքինության համար պատասխանատվությունը կրում է շահագործող սուբյեկտը և ուղղակի չպետք է շահագործի անպիտան սարքավորումներ»,- ասում է տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը։








































