Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո իշխանական շրջանակներում սկսվել են քննարկումներն ու փնտրտուքները, թե ով է նրան փոխարինելու: Հիշեցնենք, որ Արարատի մարզի վրա ցանկանում է վերահսկողություն ունենալ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը ծնունդով այդ մարզի Մխչյան գյուղից է և նախկինում եղել է Արարատի մարզպետը: Այդ մարզի գրեթե բոլոր մարզպետները, այդ թվում և գործող մարզպետ Էդիկ Բարսեղյանը, մշտապես նրա ազդեցության տակ են եղել:
Վերջերս մամուլում հրապարակում եղավ, թե Հ.Աբրահամյանը ցանկանում է Արարատի քաղաքապետ դարձնել իր որդուն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանին: Եվ հիմա, քանի որ այդ պաշտոնն ազատ է, Հ.Աբրահամյանը կարող է պահն օգտագործել և իրրագործել իր գոնե այս երազանքը և որդուն քաղաքապետ դարձնել: Իշխանական կուլիսներում արդեն խոսում են, թե Արգամիչը բաց չի թողնի այս առիթը և անպայման «կնստի նախագահի ականջին»՝ համոզելու նրան, որ թույլ տա իր որդին Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվի Արարատի քաղաքապետի պաշտոնի թեկնածու: Հատկապես որ վերջին շրջանում Հ.Աբրահամյանը կարողացել է վերականգնել հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ, իսկ մոտ մեկ ամիս առաջ էլ նրանք միասին արձակուրդի գնացին:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Ս.Սարգսյանն ու Հ.Աբրահամյանն արտերկրում միասին են անցկացրել երեքշաբաթյա արձակուրդը: Թեև Հ.Աբրահամյանը մեկ շաբաթ չարաշահել էր. նրա արձակուրդը երկու շաբաթով էր և ավարտվում էր օգոստոսի 5-ին, բայց ԱԺ նախագահը չէր կարող նման առիթը բաց թողնել՝ նույնիսկ օրենքը խախտելով՝ մեկ շաբաթ ավելի վայելել նախագահի ընկերակցությունը:
Ինչ վերաբերում է Արարատի քաղաքապետի թափուր պաշտոնի համար նրա որդու հնարավոր առաջադրման հանգամանքին, կարծիք կա, թե այս դեպքում էլ Հ.Աբրահամյանը երկու նպատակ ունի: Նախ, որ որդուն դարձնի քաղաքապետ: Երկրորդ՝ այդպիսով կարողանա լիակատար վերահսկողություն ունենալ ևս մի տեղական ինքնակառավարման մարմնի վրա:
Ներկուլիսային քննարկումների համաձայն՝ Հ.Աբրահամյանն ի վերջո հասկացել է, որ ԱԺ նախագահի պաշտոնն ընդամենը արարողակարգային պաշտոն է և ազդեցությունների մեծ հնարավորություն չի տալիս: Ու քանի որ նա այդպես էլ չկարողացավ իրագործել իր վաղեմի երազանքն ու վարչապետ դառնալ, ցանկանում է գոնե որոշ ՏԻ մարմինների վրա ազդեցություն ունենալ: Ով՝ ով, Հ.Աբրահամյանը շատ լավ գիտի ՏԻ մարմինների վրա ազդեցություն ունենալու առավելություններն ու ընձեռած հնարավորությունները: Չէ՞ որ ժամանակին եղել է տարածքային կառավարման նախարար և համակարգել է այդ ոլորտը:
Ինչ վերաբերում է Արարատի քաղաքապետի պաշտոնին, ապա ՀՀԿ-ում չեն բացառում, որ իրենք առաջադրեն իրենց մարզային կառույցի որևէ այլ ներկայացուցչի: Կամ՝ Արարատում հայտնի որևէ մեկին, որը, բնականաբար, կմտնի ՀՀԿ:









































