Փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչությունն ընթացիկ շաբաթվա ընթացքում արձանագրել է սիրիացի փախստականների թվի անսովոր կտրուկ աճ, որոնք հատել են իրաքյան Քրդստանի հետ սահմանը, հաղորդում է Associated Press-ը:
Այս տվյալների համաձայն՝ Սիրիայի տասնյակ հազարավոր բնակիչներ, որոնց մեծ մասը՝ Հալեպից և երկրի հյուսիսարևելյան աղքատ շրջաններից, շտապում են լքել իրենց պետության սահմանները: Դեռևս հայտնի չէ՝ ինչն է մարդկանց զանգվածային տեղաշարժման պատճառը:
Նախնական գնահատմամբ՝ այժմ Իրաքի հետ սահմանն ամեն օր հատում է շուրջ 7500 մարդ հյուսիսային Սիրիայից: ՄԱԿ-ի մասնագետները փորձում են պարզել իրավիճակը:
Մինչև վերջին ժամանակներս Իրաքում բնակվում է շուրջ 150 հազար սիրիացի փախստական: Նրանց մեծ մասը քրդեր են, որոնք չեն աջակցում ո՛չ երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադին, ո՛չ ապստամբներին:









































