Հարսին 2 անգամ ծեծի ենթարկելու համար սկեսրայրը Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով տուգանվել է մի դեպքում 50 000 դրամ, իսկ մյուս դեպքում 70 000 դրամ: Նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով դատարանը վերջնական պատիժ է նշանակել տուգանք 100 000 դրամ:
Ինչպես դատական ակտից տեղեկանում ենք Հուսիկ Հովսեփյանը անձնական փոխհարաբերությունների շուրջ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իր հարսին՝ դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածք, որն արտահայտվել է աջ բազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի արյունազեղման ձևով: Ծեծը կրկնվել է նաեւ օրեր անց:
Նախաքննական մարմինը Հուսիկ Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ իրեն լիովին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում:
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ ամբաստանյալը տվել է խոստովանական ցուցմունքներ և անկեղծորեն զղջացել կատարածի համար:
Այլ խոսքով՝ հարսին պարբերաբար ծեծելը մեր երկրում արժե 100.000 դրամ:









































