Սպիտակ տան տանիքում սկսվել են արևային մարտկոցների տեղադրման աշխատանքներ, որոնք էլեկտրաէներգիայով կապահովեն դրա բնակիչներին, հաղորդում է ITAR-TASS-ը:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարչակազմի ներկայացուցիչները հրաժարվել են ասել, թե Սպիտակ տուն մտնող էներգիայի որ մասն է ունենալու արևային ծագում: Էներգամատակարարման ավանդական աղբյուրները, հավանաբար, կօգտագործվեն մառախլապատ օրերին, որոնք Վաշինգտոնում քիչ չեն լինում:
Սպիտակ տան տանիքում տեղադրվող մարտկոցները թույլ կտան արևային էներգիան վերածել էլեկտրականության:
Արևային մարտկոցներ Սպիտակ տան տանիքին տեղադրվել են նաև 1979 թ.՝ նախագահ Ջիմի Քարտերի օրոք, սակայն դրանք հանել են 1986 թ. վերանորոգման ժամանակ: Բացի այդ, վերջին տարիներին արևային մարտկոցներ են տեղադրվել դաշնային նախարարությունների և այլ գերատեսչությունների տանիքներին:









































