Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը (ՇՊԱԿ) այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր իր տարածքային ներկայացուցիչների հետ հանդիպում, որի նպատակն էր ամփոփել գործունեության երեք տարիների ձեռքբերումները, խնդիրները, շահառուների արձագանքները, իրենց օգնությամբ քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերականգնման ուշագրավ դեպքերը:
Փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ Երևանի ՇՊԱԿ-ի ղեկավար Մարատ Ատովմյանից:
Օրերս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ տնօրեն Սոնա Այվազյանը համոզմունք հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն առաջին հերթին պետք է սկսել «վերևներից», միջին ու ցածր օղակներում գործունեություն իրականացնելով՝ էական արդյունքի հասնել հնարավոր չէ: Ձեր կարծիքն ասվածի վերաբերյալ: Եվ ի՞նչ շոշափելի արդյունքի կարող են հասնել հասարակական հիմունքներով գործող նման կազմակերպություններն այս պարագայում:
Ի պատասխան ՇՊԱԿ-ի ղեկավարն ասաց. «Պետությունը պետք է կոռուպցիայի դեմ պայքարի իր դատական համակարգով ու մյուս կառույցներով: Մենք՝ որպես հասարակական կազմակերպություն, փորձում ենք նպաստել, խթանել այդ գործին. անվճար իրավաբանական, փաստաբանական աջակցություն ենք ցուցաբերում, կոռուպցիոն գործերում հաջողված դեպքեր ունենք, փորձում ենք վեր հանել հանրային բնույթի բարեփոխումներ պահանջող ինստիտուցիոնալ և օրենսդրական խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել տարբեր մակարդակներում կոռուպցիայի դրսևորումների բացահայտմանը, փորձում ենք առաջարկել բարեփոխումներ, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազման ուղիով գնան, նաև փորձում ենք բնակչության հանրային իրազեկումը բարձրացնել, որ մարդիկ հասկանան, որ ավելի ճիշտ է օրենքով խնդիրները կարգավորել, քան փորձել կոռուպցիոն եղանակներով: Չեմ կարծում, որ տարանջատելը ճիշտ է, այսինքն՝ ասել, որ միայն պետք է զբաղվել «ներքևների» կոռուպցիայով կամ՝ «վերևների»: Իմ կարծիքով, համալիր պետք է գնա այդ գործընթացը՝ և՛ օրենսդրությունը բարեփոխվի, և՛ պետական մարմինների աշխատանքը, և՛ վերևներում ու ներքևներում պայքարը, և՛ հասարակական մենթալիտետը, մոտեցումը, պահվածքը պետք է փոխվեն»:
Դուք նշեցիք, որ կոռուպցիայի դեմ պետությունը պետք է պայքարի: Ըստ ձեզ՝ այսօր բավարար քայլեր արվո՞ւմ են այդ ուղղությամբ:
«Այդ աշխատանքը, արվածը կարող էր նաև ավելի արդյունավետ լինել: Հատկապես մեր համատարած կոռումպացված համակարգերում չենք կարող ասել՝ այսքանը արեցինք, դա բավարար է կամ ոչ: Դա շարունակական գործընթաց պետք է լինի տարբեր ուղղություններով, տարբեր մակարդակներով, մինչև որ բոլորս շոշափելի արդյունքներ տեսնենք: Եթե մենք ասենք, որ սա բավարար է, ուրեմն կնշանակի, որ հետագայում մենք մոտիվացիա չենք ունենա շարունակելու այդ աշխատանքը», ամփոփեց Մարատ Ատովմյանը:









































