Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էր անում Վանաձորի բնակիչ, Վանաձորի մանկատան նախկին սան Թագուհի Քոչարյանը, ով պահանջում էր արդարություն և նշում, որ ոտնահարված են մանկատան նախկին սաների իրավունքները:
Թագուհի Քոչարյանը պահանջում էր Վճռաբեկ դատարանից վերադանայել ամուսնու՝ Ռոման Կուդաշինի բողոքը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա պատմեց, որ իր ամուսնուն դատապարտել են չորս տարվա ազատազրկման՝ երաժշտական կենտրոն գողանալու համար՝ առանց ապացույցի, առանց հիմքերի, առանց վկաների.
«Նմուշի համար չկար մեկը, ով կասեր, որ Ռոմանը գողությունն արել է: Դատարանը ներքին համոզմամբ գտել է, որ Ռոմանն այդ գողությունն արել է ու դատապարտել է չորս տարի, գժվելու բան է, մեկ երաժշտական կենտրոն գողանալու համար չորս տարի՞»,- հուզված նշեց Թագուհի Քոչարյանը:
Նա պատմեց, որ 2012-ի նոյեմբերի 13-ին Վանաձորում եղել է դատավճիռը, իրենք Վերաքննիչ դատարան բողոքարկել են, սական «30 րոպեում վճիռը թողեցին նույնը, բանի տեղ չդրեցին»:
Բաց նամակով Թագուհի Քոչարյանը դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ նախագահին, ՀՀ դատախազին, Արդարադատության նախարարին, և հիմա պատասխանի է սպասում:
Նա պատմեց, որ ինքն ու ամուսինը մանկատան սաներ են եղել, Ռոմանը բանակից վերադարձել է, իրենք ամուսնացել են և ապրում են Վանաձորում վարձով։ «Չորս տարի հասցրինք ապրել»,- ասաց նա:
Ռոմանին դատապարտել են 2011-ին՝ մանկատնից երաժշտական կենտրոն գողանալու համար, բայց կնոջ պնդմամբ, մատնահետք չկա, չկա որևէ վկա. «Երեխաները և տնօրենն ասել են, որ Արթուրն է տարել, որ ինքն իրեն մեղավոր ճանաչել է, իսկ Ռոմանին Արթուր Կիրակոսյանն է ասել, որ ինքն իրեն մեղավոր ճանաչել է»:
Թագուհին համոզված է, որ եթե ամուսինն իր կողքին լավ ծնողներ ունենար, հաստատ այսպիսի անարդարացի որոշում չէր կայացվի:
«Աշխատանք չունեմ, վարձով եմ ապրում, ոչ օգնող ունեմ, ոչ մի բան, բարեկամ էլ չունենք, դրա համար էլ հիմա մենակ կանգնած եմ էլի։ Տեսնո՞ւմ եք՝ ոչ ոք ինձ հետ չկա»,- սրտնեղած ասա նա:












































