ԱՄՆ ռազմական հրամանատարությունն ուսումնասիրում է հնարավորությունը՝ չեղյալ հայտարարելու ամերիկա-եգիպտական ռազմական «Բրայթ Սթար» զորավարժությունները այն բռնության պատճառով, որ ծագել է Եգիպտոսում իշխանությունից հեռացված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների ակցիան ցրելուց հետո:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ զորավարժությունները չեղյալ հայտարարելու մասին հարցը բարձրացվել է ազգային անվտանգության խորհրդի անդամների տեղակալների հետ խորհրդակցությանը: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Նման կարգի զորավարժություններ անցկացվում են 2 տարին մեկ անգամ: Դրանց խնդիրն է եգիպտական բանակի ռազմական հրամանատարության ու ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության միջև համագործակցության մշակումը, ինչպես նաև երկու երկրների բանակների տարբեր ստորաբաժանումների միջև համատեղ գործողությունները:








































