WikiLeaks կայքի տեղեկատու Բրեդլի Մենինգը, որը վերլուծաբան էր աշխատում Իրաքի հետախուզական ծառայությունում, ներողություն է խնդրել իր արարքի համար ու խնդրել է դատարանին ներողամտություն ցուցաբերել իր հանդեպ, հաղորդում է NBC News-ը:
«Ես ցավում եմ, որ իմ գործունեությամբ վնասել եմ մարդկանց: Ես ցավում եմ, որ վնասել եմ Միացյալ Նահանգները: Ես ցավում եմ իմ գործողությունների ոչ կանխամտածված հետևանքների համար: Երբ ես որոշում էի կայացրել, ես հավատում էի, որ պատրաստվում եմ օգնել մարդկանց, այլ ոչ թե վնասել: Վերջին մի քանի տարում կյանքը ինձ շատ բան է սովորեցրել»,- ասել է Մենինգը:
Մենինգը կալանավորվել էր Իրաքում 2010թ. մայիսին: Նա անձամբ գերադասեց ռազմական տրիբունալը: Օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ նրա դատավճիռը 136 տարվա ազատազրկումից նվազեց մինչև 90 տարի:
«Ես պետք է ավելի ակտիվ աշխատեի համակարգի ներսում: Ցավոք, ես չեմ կարող վերադառնալ ու ինչ-որ բան փոխել: Ես հասկանում եմ, որ պետք է վճարեմ իմ որոշումների համար»,- ասել է նա:
Դատական լսումներին ներկա են եղել նրա քույրն ու մորաքույրը: Նշվում է, որ Մենինդն ունեցել է դժվար մանկություն, մեծացել հարբեցողների շրջապատում և ունեցել հոգեբանական լուրջ խնդիրներ, որոնք խորացել են Իրաքում պատերազմի պայմաններում:
2013թ. հուլիսի 30-ին նա մեղավոր էր ճանաչվել լրտեսություն կատարելու համար: Նրա գործով վերջնական լսումները նշանակված են օգոտոսի 23-ին:









































