Մեծ Բրիտանիայում հարձակման է ենթարկվել խորհրդարանական միասնական ընդդիմության ղեկավար Էդ Միլիբենդը: Լեյբորիստական կուսակցության ղեկավարին հարվածել են ձվերով:
Միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի հարավում գտնվող շուկաներից մեկում: Տեսագրություններում, որոնք ցուցադրում է Sky News հեռուստաալիքը, երևում է, թե ինչպես է Միլիբենդը սեղմում իր կողմնակիցների ձեռքերը, իսկ հաջորդ վայրկյանին արդեն նրա ուղղությամբ մեկը մյուսի հետևից մի քանի ձու է թռչում:
Չնայած նրա թիկնապահների չուշացած արձագանքին՝ առնվազն մեկ ձու դիպչում է նրա գլխին, մյուսը փչացնում է նրա կոստյումը:
Նետողին, ով ոմն Դին Փորթերն էր, միանգամից ձերբակալել և դուրս են բերել շուկայի տարածքից: Լրագրողներին նա իր արարքը բացատրել է հետևյալ կերպ. «Լեյբորիստներն արդեն չեն պաշտպանում բնակչության աղքատ խավի շահերը»։










































