ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լարսում արգելափակված բենռատարների հարցին, նշեց, որ նախարարի հետ այցի ժամանակ ականատես են եղել, որ վրացական ծառայությունները ճշգրտությամբ կատարում են իրենց աշխատանքը:
«Վրացի պաշտոնյաները ևս հավաստիացրեցին, որ եթե անհրաժեշտ լինի, կկրկնապատկեն, կեռապատկեն և’ տեխնիկայի, և’ աշխատող մարդկանց թիվը: Ով եղել է Լարսում, կարող է հասկանալ` ինչ է կատարվում այնտեղ. ձյունը չի դադարում, ձնակույտերի հոսքերի վտանգ կա: Սինոպտիկների կողմից հատուկ դատչիկներ են դրված, որոնք ազդարարում են վտանգների մասին և, այդ վտանգի` համապատասխան շեմը անցնելու դեպքում նրանք փակում են ճանապարհը: Դա կախված է բացառապես երթևեկության անվտանգության հետ»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով հարցին, որ բազմաթիվ բեռնատարներ են այնտեղ մնացել, և բանանի 10 տոննա նոր քանակը, որ բերվում է, ապրանքը փչանալու դեպքում պետությունը ինչ-որ փոխհատուցում նախատեսո՞ւմ է, փոխնախարարը պատասխանեց. «Չեմ կարող այս պահին հստակ ասել` արդյո՞ք կլինի աջակցություն: Ամեն դեպքն անհատապես պիտի լինի, պետք է համապատասխան դիմում լինի, բայց չեմ կարող ասել: Այդպիսի մեխանիզմներ նախատեսված չեն: Բեռնափոխադրումների շրջանակներում աշխատում են տարբեր ռիսկերի գնահատման և դրանց ամրագրման մեխանիզմներ»: Նրա խոսքով՝ բեռի ապահովագրված լինելու դեպքում փոխհատուցում կլինի, այլ դեպքերի համար դժվարացավ ասել` կլինի՞ փոխհատուցում, թե՞ ոչ:
Ա. Առաքելյանի`գնահատմամբ՝ իրավիճակը ֆորսմաժորային իրավիճակ, և ճանապարհը փակ է բացառապես եղանակային պայմանների պատճառով, մարդկային գործոնն իսպառ բացակայում է:
Խոսելով այն մասին, թե հիմա ի՞նչ պայմաններում են գտնվում վարորդները, փոխնախարարը նշեց, որ նախարարն այցելել է ինչպես վրացական, այնպես էլ ռուսական տարածք և խոսել բոլորի հետ, ում հնարավոր է եղել մոտենալ:
Առաքելյանի խոսքով` վարորդները զրուցել են նախարարի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, տարբեր խնդիրներ են բարձրացրել: «Քանի որ մենք կապի մեջ ենք խոշոր բեռնափոխադրող ընկերությունների ղեկավարների հետ, նախարարն առաջարկեց Հայաստան հասնելուն պես, եթե անհատ վարորդներ կան, ովքեր ցանկություն ունեն լսելի դարձնել իրենց ձայնը և նախարարին հասցնել տարբեր տիպի մտահոգություններ, հավաքվեն նախարարությունում: Խոշորների հետ աշխատում ենք, սակայն անհատների ձայնն էլ անպայման լսելի պետք է լինի»,- ընդգծեց փոխնախարարը:
Անդրադառնալով հարին, թե երբ բեռնատարներին թույլ կտան անցնել ճանապարհով, փոխնախարարը ասաց, որ անշնորհակալ գործ է հստակ խոսել եղանակի տեսության մասին և կարծիք հայտնեց, որ հնարավոր է` շաբաթ, կիրակի օրերի ընթացքում ձնամաքրման աշխատանքները հաջողության հասնեն, եթե, իհարկե, ձյան տեղումները դադարեն:
Մանրամասները՝ տեսանյութում:









































