Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ գազի համաձայնագրի կնքման հարցի շուրջ «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ իր հանդիպումն ավարտվել է անարդյունք, հաղորդում է RIA Novosti-ն։
«Ամեն տարի համաձայնագիր է ձևակերպվում: Դա տարանցմանը վերաբերող պայմանագիրն է: Մասնավորապես, նրանց կողմից առաջարկվեց դրամական վճարման անցնել տարանցման դիմաց: Այդ առաջարկությունն անընդունելի է մեզ համար, մենք միշտ կպաշտպանենք մեր դիրքորոշումն ու մեր երկրի շահերը»,- լրագրողներին ասել է Կալաձեն:
Վրաստանին գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն է: Սակայն Վրաստանը Ռուսաստանից ստանում է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի 10 տոկոսը՝ որպես դրա տարանցման վճար: Հանրապետությունը ռուսական գազ չի գնում 2007 թվականից: 2016 թվականի մարտին վրացական կողմը և «Գազպրոմը» երկարատեւ բանակցություններից հետո ձեւակերպեցին նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կշարունակի ստանալ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի 10 տոկոսը։









































