«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:
– Պարոն Բաղդասարյան, անդրադառնանք ներքաղաքական վերջին իրադարձություններին, հայտնի դարձավ, որ արդեն ձևավորվել է մեկ քաղաքական դաշինք՝ հիմնականում արևմտյան քաղաքական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի միջև, այն ուժերի, որոնք Հայաստանի քաղաքական ապագան տեսնում են Եվրոպայի հետ խորը գործակցությամբ: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ կհաջողվի այս դաշինքը:
– Նախ ֆիքսենք, որ սա նախընտրական դաշինք է. այսինքն՝ գարնանը Հայաստանում ընտրություններ են կայանալու, և մենք էլ լուրջ-լուրջ նախընտրական դաշինքների հարց ենք քննարկում: Այս լավատեսությունը ողջունելի է, բայց հաճախ այդ լավատեսությունը սահմանակցվում է հիմարության հետ: Ես ներողություն եմ խնդրում, խոսքն ընդհանրապես այդ քննարկումներին է վերաբերում, ի՞նչն է փոխվել, որ ինչ-որ մարդկանց խումբ համախմբվեց, դաշինք կազմեց, որ ի՞նչ անի. դաշինք, որն ուզում է Հայաստանը վերափոխել: Իսկ արդյո՞ք միայն արևմտամետներն են ուզում Հայաստանը վերափոխել: Արևմտամետներ, արևելամետներ կամ ռուսամետներ տարաբաժանումը բերում է իրար դեմ պայքարող ճակատների, որի արդյունքում օգտվում է գաղութատերը, որը Ռուսաստանն է, և կոնկրետ ՀՀ իշխանությունները, որոնք Հայաստանն ուղղակի ոչնչացնում են մի մասը՝ գիտակցաբար, մի մասը՝ ակամա: Հետևաբար ցանկացած դաշինք, որը Հայաստանը բաժանում է մասերի, որի մի կողմում իշխանությունն է, որն անվերջ ռեսուրսներ ունի, որևէ հաջողություն ակնկալելն անիմաստ է, հետևաբար, արևմտամետների դաշինք կազմելը, այսինքն՝ Արևմուտքի բոլոր կողմնակիցները հավաքվեն այդ դաշինքում և հակադրվեն բոլոր ռուսամետներին, ես դա անվանում եմ քաղաքական կարճատեսություն, որի անցնելիք ճանապրահի և ավարտի սցենարը ցանկացած մեկը կարող է գրել. ով երբ կսկսի «բազարը» իշխանության հետ, կամ եթե չլինի, երբ իշխանությունը կորոշի էսքան կեղծել, այս մեկին մտցնել խաղի մեջ, բաժանել իրար միջև… սկսի համացանցում, էկրաններից կամ գրավոր խոսքով կռվեցնել… անկախ նրանից ռուսամետ են, թե արևմտամետ, բոլորը զզված են այս վիճակից և տեսնում են դրա կործանարար լինելը:
Չեն կարող ասել՝ մենք արևմտամետների մի մասով կհավաքվենք, գարնանը «բոյ» կտանք և, ինչպես Նոր կյանք համայնքում, կհաղթենք: Այդ ժամանակ ես անմիջապես մատնացույց կանեմ Գյումրին, Վանաձորը: Կարելի է դեմոկրատիա-դեմոկրատիա խաղալ, թույլ տալ, որ ավագանու նիստերը չկայանան, բոյկոտեն, բայց այսպիսի խաղերից Հայաստանի կյանքը չի փոխվել, չի էլ փոխվելու, որովհետև Հայաստանի կյանքը որոշվում է կառավարման այն համակարգով, որը ղեկավարում է այսօրվա իշխանությունը՝ Ս. Սարգսյանի գլխավորությամբ: Հայաստանում որևէ բան կփոխվի, եթե ծրագիր առաջարկվի, որը առավելագույնս կմիավորի ոչ թե արևմտամետներին կամ ռուսամետներին, այլ բոլոր նրանց, ովքեր դժգոհ են:
Հայաստանում իրականում արտաքին վտանգները շատ սուր են, ես Իսրայելի օրինակը վերջերս շատ եմ բերում, միակ լուծումը տեսնում եմ գերհզոր պետականություն կերտելու մեջ, ընդհուպ հասնել նրան, որ միջուկային պաշտպանվածություն ունենանք:
– Ինչպե՞ս է հնարավոր բոլորի համախմբումը Հայաստանում, երբ կան ամբիցիաներ: Արտաքին քաղաքական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը, որոնք Հայաստանի ապագան տարբեր կերպ են պատկերացնում, ինչպե՞ս կարող են համախմբվել, և հետագայում խորհրդարանում տարբեր քվեարկությունների ժամանակ ինչպես են վարվելու: Օրինակ՝ քաղաքական ուժերից մեկը կարող է կողմ լինել ՀԱՊԿ-ից դուրս գալուն, մյուսը՝ ոչ. բոլորի համախմբումը ինչպե՞ս է հնարավոր:
– Հայաստանում հիմա խնդիրը պետության գոյության ապահովումն է, մի քանի անգամ Հայաստանը՝ առանց հայերի ծրագրի մասին ասվել է, բայց դա ոչ թե որևէ ցարի կամ նահանգապետի ցանկությունն է եղել, այլ՝ Ռուսաստանի վարած ծավալապաշտական քաղաքականության տարր է, որն ուզում է շարունակություն ունենալ, Կովկասում իր ազդեցությունն ունենալ: Թույլ կետը Հայաստանն է, որ ֆորպոստ դարձնեն: Ռուսը հայերին չսիրելով չի իրականացնում Հայաստանն առանց հայերի ծրագիրը, այլ իր ծավալապաշտական քաղաքականության ճանապարհին է դա որդեգրում:
Եթե մենք ազատ ընտրություն ունենանք, արժանի լինեք հզորանալու, գոյատևման, կքվեարկենք հօգուտ դրա, եթե չէ՝ ֆորպոստացման, ուրեմն կքվեարկենք հօգուտ դրա, ուրեմն Աստված այդպես է կամենում, ուրեմն մեր ազգի հավաքական պետականաստեղծ միտքն այդպիսին է, դրանից փախչել չենք կարող: Այս արևմտամետները, որ միացան իրար, ինչ է, դուք հույս ունեք, որ խորհրդարանում այնքան ձայներ պետք է ունենան, որ մեծամասնությանը կարողանան ստիպել ԵՏՄ-ից դուրս գալ, կամ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանեն. կա այդպիսի մարդ, որ այդ հեքիաթին հավատա: Ես դեմ չեմ այդ միավորմանը, ես կողմ եմ, բայց դեմ եմ, որ մի մասի միավորմամբ ուզում են փոխարինել ամբողջի միավորմանը: Նիկոլ Փաշինյանը որևէ սուտ փաստարկ չէր բերում, երբ որ կետերով թվարկում էր, թե ինչու չպետք է վստահել Էդմոն Մարուքյանին: Այսինքն՝ Փաշինյանը ցույց է տալիս, որ շատ դեպքերում Մարուքյանը իշխանության քաղաքականությանն է կողմ եղել: Հիմա դա վերացա՞վ: Չվերացավ, և թերահավատություն առաջացրեց Մարուքյանի հանդեպ: Հայաստանում՝ գաղութում ինձ որևէ կուսակցություն հետաքրքիր չէ: Երբ որ Փաշինյանը 1000 դրամի նախագիծը արդարացնում է և կողմ քվեարկում, դա թերահավատություն է առաջացնում նրա նկատմամբ: Արամ Սարգսյանի մասին չեմ կարող խոսել, քանի որ նա ակտիվ քաղաքականության մեջ չկա: Հետևաբար այս երեքի միավորումը ինձ մոտ հույս չի առաջացնում, որ նրանք չեն գնա խորհրդարան, մեկը սրան կողմ քվեարկի, մեկը նրան, ի վերջո միայն Արևմուտք-Արևելք գնալով չի մեր ճակատագիրը որոշվում: Մեր ճակատագիրը որոշողներն են նաև մեր բանակի ղեկավարներին պաշտպանող այն պատգամավորները, որոնք բանակին անտեր թողեցին ապրիլի 4-ի պլանավորված հարձակման ժամանակ, որի մասին գիտեին և լռում էին: Այս ամենը հույս չի ներշնչում, չի ոգևորում, որ գնամ ընտրությունների, պայքարի, գտնում եմ, որ անիմաստ է:
– Իսկ բոյկո՞տը, պարոն Բաղդասարյան, եթե չենք գնում ընտրությունների, չենք հավատում կուսակցություններին, դաշինքներին, բոյկոտը ինչքանո՞վ արդյունավետ կլինի:
– Հայաստանի քաղաքական դաշտում սև ու սպիտակն է. բոյկոտին դեմ ենք թե կողմ, ընտրությունները կայանալու են, բազմակուսակցական ընտրություններ են լինելու, մեկին էլ կարող է, ասենք՝ «Օրինաց երկրին» ստիպել, որ բոյկոտեն, և աշխարհին կներկայացնեն, որ թունդ ընդդիմադիրներով ընտրություն էր, Վենետիկյան հանձնաժողովն էլ կողջունի, մի հիմար բան կասի, ինչպես որ արել է մինչև հիմա: Ես երրորդ լուծումն եմ առաջարկել: Ես չեմ ասում՝ բոյկոտը սխալ է, մասնակցելն է ճիշտ, կամ հակառակը: Ես ասում եմ՝ բոլորս ուզում ենք, որ վիճակը փոխվի, մենք ընտրությունները ոչ թե դարձնենք նպատակ, այլ ընտրությունները օգտագործենք փոփոխությունների հասնելու համար: Ընտրությունները օգտագործենք՝ որպես առիթ միավորվելու բոլոր հայերով, ովքեր դժգոհ են այս վիճակից: Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը թող ինձ հրավիրեն, կասեմ, թե որ ճանապարհով գնալու դեպքում և՛ այդ ճանապարհը ազնիվ կդիտվի ժողովրդի կողմից, և՛ կառաջանա մեծ աջակցություն, դուք կդառնաք շարժման տեր, միավորման զգացում և հույս կառաջանա, այդ ժամանակ ընտրությունները կդառնան ընդամենը միջոց՝ փոխելու իրավիճակը, կարիք չի լինի, որ 6000 հոգի գան բիլակներով կանգնեն, հանձնաժողովում ծեծեն իրար, Մուկուչյանն էլ ասի՝ մենք մնում ենք, իսկ դուք դարձաք թշնամի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:





































