ԿԲ խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսով՝ դարձնելով այն 8.5%: Վերջին անգամ այն փոխվել էր մոտ երկու տարի առաջ և երկար ժամանակ գտնվում էր 8 տոկոս մակարդակում:
Այս քայլը խորհուրդը բացատրում է հուլիսի վերջին գրանցված 12-ամսյա գնաճի 8.5% տոկոս ցուցանիշով, ինչը առավելապես պայմանավորված էր հուլիսին էներգակիրների սակագների բարձրացմամբ և գյուղատնտեսության ճյուղի զարգացումներով (կարկտահարություն և վեգետացիոն շրջանի մասնակի հետաձգում): Այսինքն՝ այս քայլով գլխավոր դրամատունը ցանկանում է մեղմել այդ երկու գործոնների ազդեցությունները:
Տրամաբանությունը հետևյալն է. բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն ակնկալում է, որ տնտեսության մեջ փողի զանգվածը կնվազի, ինչից էլ դրամը կարժեվորվի, և գնաճը կզսպվի: Գնաճի աստիճանական նվազման և տնտեսական աճի հնարավոր դանդաղման պայմաններում Խորհուրդը դեռ կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները:
Ըստ ԿԲ մասնագետների հիմնական գնաճային ճնշումները ներքին են, իսկ արտաքին միջավայրից լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:








































