Ապարան քաղաքի բնակիչ Վաչիկ Գևորգյանին նրա տարեց մոր, կնոջ և անչափահաս երկու երեխաների հետ միասին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները վտարել են իրենց բնակարանից։ Խնդիրն այն է, որ մի քանի տարի առաջ այս ընտանիքը դիմել է Ապարան քաղաքի «Արդշինբանկ»-ի մասնաճյուղ՝ իրենց 1,5 միլիոն դրամ վարկ տրամադրելու խնդրանքով՝ վարկի դիմաց գրավադրելով իրենց բնակարանը։
Մեզ հետ զրույցի պահին ԴԱՀԿ աշխատակիցները դուրս էին հանում բնակարանի իրերը։ Նրանցից մեկը՝ փոխգնդապետ Գագիկ Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում շատ կտրուկ ու կարճ արձագանքեց. «Կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ՝ կատարման ենթակա, մենք դա ենք անում։ Մնացած հարցերն ուղղեք նրանց»։
«Տրամադրված այդ վարկով մենք անասուններ ենք առել, բայց հետո գոմը փլվեց, անասունները սատկեցին, չորս կով ու երկու խոզ ունեինք, մենակ մի կովը մնաց, ու մենք էլ չդիմեցինք, որ համապատասխան մարդիկ գան և ակտավորեն՝ մտածելով, որ մի կերպ կվերականգնենք։ Հետո նորմալ մուծում էինք այդ վարկը, խնդիր չկար։ Եղբայրս զինվորական էր, բայց հետո, որ նրա տարիքը լրացավ, ու նրան ազատեցին աշխատանքից, մեր երկիրն էլ անգործության երկիր է, եղբայրս չկարողացավ այլ աշխատանք գտնել իր համար, ու այդպես չկարողացանք այլևս այդ վարկը փակել, բանկն էլ եղբորս ձեռքից նրա տունը վերցրեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց Վաչիկ Գևորգյանի եղբայրը՝ Հարություն Գևորգյանը։
Վերջինիս պնդմամբ՝ դրանից հետո իրենք կրկին դիմել են բանկի աշխատակիցներին, դիմում են գրել՝ խնդրելով բնակարանը վերադարձնել։
«Այդ դիմումը կորավ, թե ինչ եղավ՝ այդպես էլ մութ մնաց մեզ համար։ Հետո նորից մի քառասուն օր առաջ դիմեցինք բանկին՝ խնդրեցինք, որպեսզի վերաձևակերպում անեն և մեր տունը հետ վաճառեն մեզ, 200 հազար դրամ էլ կանխավճար ենք մուծել, բայց դրանից ընդամենը մի հինգ օր հետո բանկը դիմել է ԴԱՀԿ՝ մեզ տնից վտարելու պահանջով։ Իրենց տված այդ մեկուկես միլիոն վարկից մենք ահագին մուծել էինք, բայց հետո երբ չկարողացանք այլևս մուծել, իրենց հաշվարկներով, տույժ-տուգանքներով սարքեցին երկու միլիոնից ավելի։ Մենք նամակով դիմեցինք ԴԱՀԿ այս նոր ղեկավարին՝ խնդրելով, որ մեզ մի փոքր ժամանակ տրամադրեն, մինչև բանկ ուղարկված մեր դիմումի պատասխանը գա, նրանք մեզ ընդառաջեցին։ Քառասուն օր է անցել, բայց բանկից ոչ մի պատասխան չկա, ու ԴԱՀԿ աշխատողներն էլ եկան մեր իրերը դատարկեցին։ Ստիպված եղբայրս եկել է իմ տուն, մինչև տեսնենք՝ ինչ կլինի։ 90 տարեկան մորս պառկած տեղից հանել են, բոլոր վեշերը տվել են ձեռքներն ու ասել՝ տարեք ուր ուզում եք»,- պատմեց Հարություն Գևորգյանը:
«Հիմա մեր խնդրանքն այն է, որ բանկը մեր տունը վաճառի մեզ՝ վարկային ձևով: Կանխավճարն արել ենք, դիմումը 40 օր առաջ գրել ենք, բոլոր փաստաթղթերը իրենց մոտ են, բայց ոչ մի ձևով չեն պատասխանում, որ իմանանք, թե ինչ են մտածում՝ կվաճառե՞ն, թե՞ չէ: Եթե վերաձևակերպումը անեն, մենք ամիս առ ամիս նորմալ ձևով կվճարենք այդ գումարը բանկին»,- եզրափակեց նա։









































