«ՀՀԿ-ն առաջիկայում ավագների խորհուրդ է ստեղծելու: Շուրջ յոթ տարի է՝ այդ հարցը կուսակցությունում քննարկվել է, այդ խոսակցությունն անընդհատ եղել է, բայց քանի որ այն ժամանակ ՀՀԿ-ն երիտասարդ կուսակցություն էր, միշտ ասում էին՝ ավագների բավարար քանակ չկա»: Անդրադառնալով առաջիկայում ՀՀԿ ավագների խորհրդի ստեղծմանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքերով՝ շուրջ 25 տարվա կուսակցություն է ՀՀԿ-ն և այն ժամանակվա երիտասարդները դարձել են ավագներ:
«Սա ոչ թե ինչ-որ գործադիրի մեկ կամ երկու հոգու համար է՝ խոսքը լուրջ կառույցի մասին է: Եվ այդ առաջարկությունները ոչ միայն գործադիրի, այլ նաև ՀՀԿ անդամներից գրավոր դիմել էին տարիքով մարդիկ, որ ավելի մոտ լինեն քաղաքական կյանքին: Եվ քննարկման արդյունքում ծնվեց ավագների խորհդրի գաղափարը»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նա նշեց, որ հինգշաբթի օրը ԳՄ նիստին կորոշվի կուսակցության խորհրդի նիստի օրը, որի ընթացքում արդեն կորոշակիանա ավագների խորհրդի գաղափարը. «Այն, ինչ քննարկման առարկա է, ես միանձնյա չեմ կարող ասել, թե ինչ կորոշվի»:
Թե որ տարիքից սկսած կընդգրկվեն նոր ստեղծվելիք խորհրդի կազմում՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա էլ խորհրդի նիստին կորոշվի, թե ինչ սկզբունքով կընտրվեն:
Հնարավո՞ր է գործադիրից դուրս մնացած Դերենիկ Դումանյանն ու Ռազմիկ Զոհրաբյանն էլ ընդգրկվեն խորհրդի կազմում՝ հաշվի առնելով, որ գործադիրից նրանց դուրս մղեցին, Վահրամ Բաղդասարյանը նկատեց. «Չեմ կարծում, թե նեղացածներին պաշտոն ենք տալիս, իսկ ո՞վ ասաց, որ Դերենիկ Դումանյանի հնարավորությունները չի օգտագործվելու, Դերոյի տարիքն ինչ տարիք է, իսկ Ռազմիկ Զոհրաբյանի դեպքում՝ իր խնդրանքն է բավարարվել, նա ավելի լուրջ խնդիրներ ունի, որ մեզ բոլորիս անհանգստացնում է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի՝ ցուցակը գլխավորելու հետ կապված արդեն որոշում կա՞, քանի որ հայտարարել եք, որ նա է առաջնորդելու ՀՀԿ ցուցակը. «Ես բառացի ասել եմ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջորդն է, և ես որևէ հիմք չեմ տեսնում, որպեսզի չգլխավորի: Այսինքն՝ խորհրդում կքննարկվի, բայց մինչև խորհրդում քննարկվելը, նախ ինքը պետք է իր համաձայնությունը տա, որ խորհուրդը որոշում կայացնի»:











































