Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընդդիմությանը «բերման ենթարկելու» նոր ձև է գտել։ Վերջինս դեկտեմբերի 13-ին արտահերթ նիստ է հրավիրել՝ օրակարգում լինելու է Վանաձոր համայնքի 2016 թվականի բյուջեում փոփոխություն կատարելը, և համայնքի բյուջեից հրդեհի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին ֆինանսական աջակցություն հատկացնելը։
Ինչպես հայտնի է, արդեն երկու ամիս է փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ դարձած Մամիկոն Ասլանյանը չի կարողանում ավագանու նիստ հրավիրել՝ ընդդիմադիր երեք խմբակցություններն այն բոյկոտում են։
Քաղաքապետարանը նիստ հրավիրելու հետ մեկտեղ՝ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հույս է հայտնում, որ ֆինանսական օգնության հարցը «չի քաղաքականացվի և քաղաքական ուժերը կառաջնորդվեն կարիքավոր քաղաքացիներին օգտակար լինելու առաքելության գիտակցությամբ»։
Ընդդիմությունը, սակայն, Վանաձորում կարծես թե չի նահանջում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ իրենց օրակարգում ոչինչ չի փոխվել․ «Բարգավաճ Հայաստան»-ը նիստին կմասնակցի այն ժամանակ, երբ «Լուսավոր Հայաստան» և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունների ավագանիները նստած կլինեն ավագանու նիստին։ «Այս պահին խնդիրն այնքան է բևեռացվել, որ վերածվել է յուրաքանչյուր քաղաքական ուժի արժանապատվության հարցին»։
Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ մինչև չպարզվի, թե ովքեր են եղել պայմանավորվածությունը խախտած ավագանու 4 անդամները՝ ընդհանուր պատասխանատվությունը լղոզվելու է․ «Ինչ վերաբերում է հրդեհի հետևանքով անօթևան դարձած քաղաքացիների օգնությանը, ապա «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Վանաձորի իր կառույցի հետ կքննարկի, և մենք կհասկանանք ինչով կարող ենք օգնել այդ քաղաքացիներին։ Մեր ավագանիներն աշխատում են և պարտադիր չէ այդ աշխատանքը լինի Վանաձաորի քաղաքապետարանում»,- եզրափակեց ԲՀԿ ղեկավարը։
«Հայկական Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Մամիկոն Ասլանյանի կողմից՝ նիստ հրավիրելու հայտարարությանը ծանոթ չէ․ «Ճիշտն ասած՝ ո՛չ քննարկել ենք, ո՛չ էլ տեղեկություն ունեմ։ Եթե կլինի կոնկրետ հայտարարություն, կոնկրետ նիստի օր, և թե ինչ պատճառով է նիստը հրավիրվում՝ կհասկանանք»։
Երբ ներկայացրեցինք նիստի օրակարագը, Բիշարյանն արձագանքեց․ «Կքննարկնեք, կհասկանանք՝ առարկայական օգնության մասի՞ն է, թե՞ ոչ։ Պետք է դեռ հասկանանք, բայց չեմ կարծում, թե մասնակցություն լինի։ Եթե այդպիսի հրապարակում լինի՝ կքննարկենք»։
Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 5-ին կրակի հետ անզգույշ վերաբերվելու պատճառով այրվել և ոչնչացվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ուկրիշին» թիվ 4-րդ տնակային ավանում գտնվող 4 բնակիչներին պատկանող բնակարանները և գույքը, որի հետևանքով վերջիններիս պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Կհաջողվի՞ Մամիկոն Ասլանյանին նման հարցը դարձնելով շանտաժի առարկա՝ հասնել նպատակին, պարզ կդառնա առաջիկայում։
Լուսանկարը՝ Photolure-ի









































