Հյուսիսային Արիզոնայից մի ընտանիք, որը նավակով հեռացել է ԱՄՆ-ից և հազիվ է փրկվել ալիքներից, վերադարձել է հայրենիք՝ ԱՄՆ: Սկզբում նրանք ցանկացել են լքել երկիրը, քանի որ, ըստ նրանց, «կառավարությունն անընդհատ միջամտում է կրոնական հարցերին»:
26-ամյա Հաննա Գաստոնվեյը՝ ամուսնու, երկու փոքր երեխաների և սկեսրայրի հետ միասին, Սան Դիեգոյից նավակով ուղևորվել են դեպի Կիրիբատի փոքրիկ կղզի-պետություն: Մի քանի օրվա ճանապարհորդության ընթացքում նրանք մի շարք ուժեղ փոթորիկների միջով են անցել, այնպես որ ընտանիքը հույսը դրել է հոսանքի և երկնային ուժերի վրա, գրում է Duluth News Tribune-ը:
Վերջիվերջո նրանց վերցրել է վենեսուելական ձկնորսական նավը, որն այս ճնապարհորդներին հանձնել է ճապոնական բեռնանավին: Նրանց Չիլի են հասցրել, որտեղ էլ հյուրանոցում սպասել են, մինչև ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները կապ հաստատեն իրենց հետ, որից հետո հայրենիք են վերադարձել:
Հաննան պատմել է, որ ուղևորվելով Կիրիբատի, իրենք ցանկանում էին քաղաքակրթությունից հեռու գնալ, քանի որ գիտեին, որ այս պետությունն աշխարհում ամենաքիչ զարգացածներից է:
Հաննան բացատրել է, որ որպես հավատացյալներ՝ իրենք դեմ են աբորտներին, հոմոսեքսուալիզմին, եկեղեցուն, որը վերահսկվում է կառավարության կողմից: Կնոջ կարծիքով՝ պետության միջամտությունը եկեղեցու գործերին խանգարում է կրոնական անկախությանը: Նրանց վրդովեցնում է նաև այն փաստը, որ իրենց հարկերը գնում են նաև այն կանանց բուժսպասարկմանը, ովքեր որոշել են աբորտ անել:
Այս ընտանիքը որևէ եկեղեցու չի պատկանում: Նրանք պնդում են, որ իրենց հավատքը Կտակարանից է գալիս:
Ամուսիններն ասել են, որ վստահ են եղել, թե իրենց հետ ոչինչ չի պատահի, քանի որ անընդհատ աղոթել են: Հաննան խոստովանել է, որ այժմ ինքն ԱՄՆ-ը լքելու նոր պլան կմշակի:








































