Լիզա Գերարդինիի աճյունը փնտրող գիտնականները, հնարավոր է, բացել են Ֆլորենցիայում գտնվող նրա ընտանեկան դամբարանը: Այս մասին է տեղեկացնում BBC News-ը:
Ուսումնասիրողների խումբը՝ պրոֆեսոր Սիլվանո Վինչետիի գլխավորությամբ, փորձում է Գերարդինիի արյունակիցներից գեթ մեկի աճյունը հայտնաբերել: Ինչպես նշում է Reuters գործակալությունը՝ որոնումների նպատակը նրա որդի Պիերոն է: Սկզբի համար գիտնականները պետք է դամբարանում գտնված աճյունի ռադիոածխածնային անալիզ կատարեն, այնուհետև՝ ԴՆԹ-թեստեր:
Այս եղանակով կուսումնասիրվեն 2011-2012 թթ. Ֆլորենցիայի Սուրբ Ուրսուլա մենաստանում հայտնաբերված երեք կանանց աճյունները: Պատմաբանները ենթադրում են, որ հենց այնտեղ է 1542 թ. թաղվել Լիզա Գերարդինին, ով իր կյանքի վերջին տարիներին մենաստանում է անցկացրել՝ հոգ տանելով միանձնուհիներ դարձած իր դուստրերի մասին:
Դրանից հետո գիտնականները կհամեմատեն այդ երեք աճյունների անալիզները դամբարանում հայտնաբերվածների անալիզների հետ: Վինչետիի խոսքերով՝ եթե իրենց հաջողվի կապ հաստատել մոր և երեխայի ԴՆԹ-ների միջև, ապա Մոնա Լիզան հայտնաբերված կլինի: Այդ ամենից հետո Գերարդինիի գանգի տվյալներով գիտնականները կփորձեն վերականգնել նրա արտաքինը, որն էլ իր հերթին կհամեմատեն Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավի հետ: Այդժամ գիտնականները կարող են հստակ ասել՝ արդյոք Գերարդինի՞ն է հանդիսանում «Ջոկոնդայի» բնորդուհին:
Լիզա Գերարդինիի աճյունի ուսումնասիրությունները սկսվել են 2011-ից և մի քանի փուլերով են ընթանում:
Կարծիք կա, որ Լեոնարդոյին Լիզայի դիմանկարը պատվիել է նրա ամուսինը՝ Ֆրանչեսկո դել Ջոկոնդան: Լուվրում պահվող կտավը ստեղծվել է 1503-1504 թթ.:








































